«Պինցետ» փանք խմբի մենակատար Արմինե Օգանեզովային (Ծոմակ), որի DIY բարը հրկիզել էին ազգայնականները, այսօր ներկա չի եղել DIY-ի գործով առաջին դատական նիստին: Նա դեռևս անցյալ տարի արտագաղթել էր Հայաստանից:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ Գագիկ Պողոսյանի նախագաությամբ, տեղի է ունեցել DIY բարի պայթեցման գործով առաջին դատական նիստը, որին չեն ներկայացել տուժող Արմինե Օգանեզովան, ով վարձակալում էր ակումբը, ինչպես նաև գործով անցնող 4 վկաներ:
Դատաբժշկական փորձագետն ու մեղադրող դատախազը ևս նախապես նամակ էին ուղարկել դատարան՝ տեղեկացնելով, որ արձակուրդում գտնվելու պատճառով դատին ներկայանալ չեն կարող:
Դատավոր Գագիկ Պողոսյանը հայտարարել է, որ առանց մեղադրող դատախազի դատական նիստը չի կարող կայանալ, ուստի այն հետաձգվել է մինչև հուլիսի 16-ը:
Նիստին ներկայացել են 2 մեղադրյալները՝ ակումբը հրկիզած Արամե և Համբիկ եղբայրները, և տուժողի ներկայացուցիչ Մարինե Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Ղ.Փարպեցու փողոցում գտնվող DIY բարը նախորդ տարվա մայիսին մի քանի անգամ հարձակման է ենթարկվել ազգայնական խմբավորման անդամների կողմից: Առաջին հարձակման ժամանակ իրանահայ եղբայրները պայթեցրել էին ակումբը` կոտրելով ապակին և բենզինով շիշը ներս նետելով, որից հետո ձերբակալվել էին: Եղբայրներից մեկին ազատել էին ստորագրության դիմաց, մյուսի համար մեկ միլիոն դրամ գրավ էր վճարվել, իսկ նրա երաշխավորներն էին ՀՅԴ-ական պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը:
Ակումբի պայթեցումից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով պայթյուն կազմակերպելու մեջ մեղադրվող երկու երիտասարդների գործողություններին, ասել էր, որ «բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասարակությունը այլասերող համասեռամոլներին, պղծում են հայերիս ազգային նկարագիրը»:
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության ղեկավար Մամիկոն Հովսեփյանը Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ պատգամավորը, ուղղակիորեն և հրապարակայնորեն արդարացնելով ատելության հիմքով կատարված հանցագործությունը, խախտել է ՀՀ ԱԺ կանոնակարգի դրույթները, ինչպես նաև պաշտոնավարման երդումը:
Նշենք, որ Արմինե Օգանեզովան ընկերների հորդորով իրադարձություններից հետո արտագաղթել է Շվեդիա:
Լուսանկարում՝ DIY ակումբը պայթեցումից հետո