Սյունիքի մարզ այցելած բնապահպանները ահազանգում են. պոչամբարից թափոնաջրերը գետն են լցվում, իսկ հանքի աշխատանքները շարունակվում են:
Գեղի գետն աղտոտվում է պոչամբարից լցվող թափոնաջրերից, ահազանգում են Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) ակտիվիստները, որոնք այս օրերին գտնվում են Սյունիքի մարզում:
ՀԲՃ-ի ներկայացուցիչները նշում են, որ Ողջի գետի Գեղի վտակի վերին հոսանքների մոտ՝ Աջաբաջ գյուղից մոտ 2 կմ վերև, «Լեռ – էքս» ընկերության կողմից հանք է շահագործվում, որի հարստացուցիչ ֆաբրիկայից ներքև՝ ձորի մեջ, կառուցված է փոքր, անհասկանալի պոչամբար:
«Գեղի գետի ջուրը որոշակի հատվածում հոսում է պլաստմասե խողովակների մեջ և անցնում է պոչամբարի կողքով, սակայն խողովակները պայթել են, և խողովակների ջուրը լցվում է պոչամբարի մեջ, իսկ պոչամբարից՝ խառնվելով թափոնների հետ, թափոնաջրերն այս պահին լցվում են Գեղի գետը:
Նախ հարց է առաջանում՝ ո՞ր նախարարությունը կամ պատկան մարմինն է թույլ տվել, որ նման հզորության գետը դրվի պլաստմասե խողովակների մեջ:
Երկրորդ, եթե տեղացիների փոխանցմամբ` 2013 թ. հունիսի 25-ի երեկոյան տեղի է ունեցել վթար, ինչո՞ւ հանքի աշխատանքները չեն դադարեցվել և ինչո՞ւ են աշխատանքները անարգել շարունակվում:
Ավելին, մեզ հայտնի չէ այն մասին, որ ընկերությունը մինչև այս պահը որևէ ահազանգ է փոխանցել պատկան մարմիններին, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ փորձ է արվում հերթական անգամ կոծկել հանքարդյունաբերական ոլորտի հետ կապված խոշոր թերացումները և շրջակա միջավայրին հասցվող վնասը»,- ասված է բնապահպան ակտիվիստների տարածած հաղորդագրության մեջ:
ՀԲՃ-ն հայտնում է, որ կատարվածն ամբողջությամբ փաստագրված է տեսանյութերի և լուսանկարների ձևով, և «պետական մարմինների կամ մասնավոր ընկերության կողմից տեղի ունեցածը կոծկելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»:
Բնապահպաններն ահազանգել են ԱԻՆ-ին՝ տեղյակ պահելով տեղի ունեցողի մասին: