Home / Հայաստան / Հոգեբույժն ու հոգևորականը միասին են բուժում նյարդային խանգարումները. առայժմ՝ անվճար

Հոգեբույժն ու հոգևորականը միասին են բուժում նյարդային խանգարումները. առայժմ՝ անվճար

Հայաստանում հոգեբանության կենտրոն է բացվել, որտեղ հոգեբույժն ու հոգևորականը միմյանց օգնելով զբաղվում են հիվանդների բուժմամբ: Հոգեբույժը պնդում է, որ նյարդային խանգարումների պատճառների մասին պատկերացումները կրոնում և գիտության մեջ ընդհանրություններ ունեն

Շիրակի թեմին կից բացված Քրիստոնեկան հոգեբանության կենտրոնը համադրում է ավանդական հոգեբուժության և կրոնական մեթոդները նյարդային խանգարումների՝ սթրեսների, ընկճախտի, ինչպես նաև էպիլեպտիկ խանգարումների բուժման ծառայություններ ապահովելու համար:

Epress.am-ի հետ զրույցում նորաբաց կենտրոնի համակարգող Կարեն Պետրոսյանը պատմել է, որ հայկական եկեղեցում հազարամյակներ շարունակ անցկացվել են բժշկական ծեսեր, կարգեր, որոնցով բուժվել են գիտության կողմից դեռ բուժում չստացած հիվանդությունները: Այդ մեթոդները կենտրոնը փորձում է համադրել ժամանակակից հոգեբուժության մեթոդների՝ հոգեվերլուծության տեսության հետ՝ հասնելու համար երկու նպատակի՝ մարդկանց վերադարձնել սոցիալական միջավայր և ինտեգրել նրանց եկեղեցական, հումանիտար կյանքի մեջ:

Կենտրոնում բուժումն իրականցվում է երկու մասնագետների կողմից՝ կլինիկական հոգեբույժի և հոգևորականի:

Պետրոսյանի խոսքով՝ հոգեբույժն անցկացնում է հոգեթերապիա, իսկ հոգևորականը նշանակում է ծոմ, պահք, ինչպես նաև հաղորդություն և օրհնություն տալիս:

Կենտրոնի հոգեբույժը՝ Վաղարշակ Խաչատրյանը, այս գործով զբաղվում է արդեն 12 տարի, ունի հրատարակած գիրք: Epress.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ նյարդային խանգարումների պատճառների մասին պատկերացումները կրոնում և գիտության մեջ ընդհանրություններ ունեն: Նրա խոսքով՝  և՛ Ֆրոյդի տեսությունը, և՛ Քրիստոնեությունը հիվանդությունները համարում են մտքի արգասիք. եկեղեցին դրանց կոչում է մեղք, իսկ գիտությունը՝ անգիտակից ինֆորմացիա:

Ըստ մասնագետի՝ ի տարբերություն Ֆրոյդի տեսության՝ եկեղեցին առաջարկում է ախտորոշված հիվանդության բուժում, կամ «մեղքից ազատում» աղոքթի միջոցով:

Կենտրոնում Խաչատրյանը մարդկանց հետ հանդիպումներում անցկացնում է հոգեվերլուծություն՝ երազների քննարկման միջոցով մանկության ապրումների վերհանում, իսկ հոգևորականն աղոթքների և վերնշված այլ ծեսերով բուժում իրականացնում:

Ըստ Վաղարշյանի՝ իրենց մոտ բուժվում է 15 հիվանդ, որոնց մեծ մասի մոտ դրական փոփոխությունն ակնհայտ է:

Կարեն Պետրոսյանը հաստատել է, որ հիվանդները գոհ են, իսկ նրանցից մեկը կենտրոնի բացման օրը ուղեղի տեսքով տորթ է նվիրել:

Մինչև հուլիսի վերջ քրիստոնեկան հոգեբանության կենտրոնը գործելու է անվճար: Այն ֆինանսավորվում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի կողմից: Հետագայում, հնարավոր է, ծառայությունները վճարովի դառնան, բայց, Պետրոսյանի հավաստմամբ, անապահով ընտանիքների համար կենտրոնը միշտ էլ անվճար է լինելու: