Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահ է, որ ժողովրդի մեծամասնությունը «խելագարվում է» իր քաղաքականության համար և ակտիվորեն աջակցում է իրեն: Այս մասին Ալիևը հայտարարել է հուլիսի 2-ին՝ Ոստիկանական ակադեմիայում:
«Ադրբեջանի քաղաքականության վրա որոշակի աստիճանի ազդեցություն թողնելու փորձեր են արվում: Կարևորն այն է, որ պետությունն իրականացնում և իրականացնելու է իր անկախ քաղաքականությունը: Այդ անկախ քաղաքականության հիմքում ընկած է Ադրբեջանի ժողովրդի կամքը, միևնույն ժամանակ, Ադրբեջանում տիրող կայունությունն ու սոցիալ-քաղաքական կարգն էլ ավելի են մեծացնում մեր ուժը:
Մենք անկախության ճանապարհով ենք ընթանալու: Այսօր անկախ Ադրբեջանը տարածաշրջանի համար կայունացնող գործոն է: Մենք կայունացնող դեր ենք կատարում, և, իհարկե, ոչ մի ուժ մեզ չի կարողնանա շեղել անկախ քաղաքականությունից: Մենք ներքին իրավիճակի հետ կապված ոչ մի խնդիր չունենք: Ժողովրդի և իշխանությունների միջև միասնականություն կա: Մեր բոլոր նախաձեռնություններն ստանում են ժողովրդի աջակցությունը: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են հանդես գալ մեր դեմ, կրկին ցույց տվեցին իրենց իրական դեմքը: Նրանք ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ չեն հասկանում՝ ինչ է նշանակում անկախություն, ապրում են ստրուկի հոգեբանությամբ: Ստրկային հոգեբանությունը կայանում է նրանում, որ նրանք անընդմեջ գտնվում են «մեծ եղբոր» փնտրտուքներում, ուզում են ընկնել ինչ-որ մեկի ոտքերը: Նրանք անընդհատ բռնում են ինչ-որ մեկի գոգը և օգնություն մուրում: Այսինքն, մի կողմից՝ ադրբեջանական իշխանությունը, անկախ և արժանի քաղաքականությունը, ոչ ոքի առաջ գլուխ չկախող քաղաքականությունը, մյուս կողմից՝ հակաազգային, շահամոլ և դավաճան տարրեր ու խմբեր, որոնց անգամ չեմ կարող ուժ անվանել և որոնք պատրաստ են ամեն ինչի՝ իրենց սեփական շահերն ապահովելու համար: Ահա այսօրվա Ադրբեջանի քաղաքական պատկերը:
Իհարկե, Ադրբեջանի ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է և ամեն ինչ պարզ տեսնում է: Տեսնում է՝ ով երկիրն ուր է տանում և ով ուր է ուզում տանել: Ադրբեջանն արդեն 20 տարի է՝ անկախ պետություն է: Ավելի մեծ երջանկություն չէր կարող լինել: Մենք մեր անկախությունը կպաշտպանենք ամեն գնով, կապահովենք Ադրբեջանի հաջող զարգացումը:
Ոստիկանությունն այդ գործում շատ կարևոր դեր է կատարում: Ես վստահ եմ, որ ոստիկանության աշխատակիցները, ինչպես միշտ, պետության և պետականության նկատմամբ հավատարմություն կցուցաբերեն»,- Ալիևի խոսքերն է փոխանցում Contact.az-ը: