Այսօր առավոտից քանդման աշխատանքներ են իրականացվել Ավան-Առինջ թաղամասի 3/1 և 3/2 շենքերի միջև ընկած կանաչապատ տարածքում, որը հարակից շենքերի բնակիչները որպես հանգստյան գոտի են օգտագործել:
Թաղամասի բնակիչներն այս մասին ահազանգել են Epress.am-ի խմբագրություն՝ նշելով, որ հանկարծակիի են եկել, երբ վաղ առավոտյան լսել են տրակտորի ձայնը:
«Տարածքում շինություն կար, որը սկզբում որպես խանութ, ապա վարսավիրանոց էր շահագործվում, ընտրությունների ընթացքում Հանրապետականների շտաբ էր, հետո գնեցին այդ շինությունն, ապա քանդեցին, հիմա էլ քանդում են այդ շինության հետնամասում գտնվող բավական մեծ կանաչապատ տարածքը», – պատմել է թաղամասի բնակիչ, քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը:
Նրա խոսքով՝ տարածքի քանդման աշխատանքներն այս պահին դադարեցվել են նրանից հետո, երբ բնակիչները աշխատողներին սպառնացել են մտնել փորվող փոսի մեջ ու փակել տրակտորի ճանապարհը:
«Ոչնչացվել են մեծ թվով մոշի թփեր, յասամանի, խնձորի ու ընկույզի ծառեր: Մենք պահանջում ենք, որ մեզ փաստաթուղթ ներկայացնեն: Քաղաքաշինության մասին օրենքը հստակ ասում է, թե շինարարություն սկսելուց առաջ շինարարություն կատարող կողմը պարտավոր է ցուցանակ փակցնել, որպեսզի բնակիչները տեսնեն՝ ինչ է արվում տարածքում: Դա չի արվել: Մենք դեմ ենք, որ մեր կանաչապատ տարածքի հաշվին բետոնապատում գնա: Ամեն ինչ մտածված են արել, քանի որ այսօր ոչ աշխատանքային օր է, քաղաքապետարանից չեն գա, դրա համար էլ հենց այս օրն են ընտրել», -ասել է Կաղինյանը:
Նա նշել է, որ թաղամասի բնակիչների պայքարի արդյունքում հսկայական կանաչ տարածքից ընդամենը մեկ չիչխանի թուփ է փրկվել: Բնապահպանը պատմել է, որ ավելի ուշ իրենց հաջողվել է պարզել՝ ում է պատկանում տարածքը:
«Ինչ-որ փաստաթղթեր են բերել, որորնցում նշված է Տարոն Մարգարյանի ազգական Մհեր Պետրոսյանի աներոջ անունը՝ Կարապետ Ղազարյան: Նա է հանդիսանում փաստացի տերը: Հողհատակցման որոշումը կայացվել է քաղաքապետարանի կողմից՝ 2012 թվականի հոկտեմբերի 12-ին: Մեզ ասացին, որ միահարկ՝ 5 մետր բարձրությամբ շինություն են կառուցելու ու խանութ են սարքելու, հետո էլ, թե կարող է բանկին են տալու: Այսինքն՝ ինքը դեռ շինության նպատակն ու վերջը չգիտի: Այս պահին Մհեր Պետրոսյանը աներոջ հետ այստեղ է ու վիճում է բնակիչների հետ», – ասել է բնապահպանը:
Մհեր Պետրոսյանը զրուցում է բնակիչների հետ
Կաղինյանի խոսքով՝ իրենք սպասելու են, մինչև առաջիկա հանգստյան օրերը անցնեն ու իրենք գրություն կուղարկեն քաղաքապետարան՝ պարզելու, թե ի՞նչ հիմքով է Տարոն Մարգարյանը հանրային կանաչապատ տարածքը տրամադրել որպես մասնավոր սեփականություն:
Վերջինս շեշտել է, որ թաղամասի բնակիչները պահանջում են վերադարձնել իրենց հանգստի գոտին ու ակնկալում են քաղաքացիների և ակտիվիստների աջակցությունը: