Մի խումբ ակտիվիստներ այսօր Երևանում ՌԴ դեսպանության շենքի առջև պահանջել են պահպանել Ռուսաստանում ձերբակալված վարորդ Հրաչյա Հարությունյանի իրավունքները, ինչպես նաև դեսպանությանը կնոջ խալաթ են հանձնել:
Հրաչյա Հարությունյանը հայ է, այդ իսկ պատճառով է Ռուսաստանը լկտի վերաբերմունք դրսևորում այդ մարդու նկատմամբ. արդյո՞ք այդպիսի վերաբերմունք կդրսևորեին սլավոնական ազգի մեկ ուրիշ ներկայացուցչի նկատմամբ: Նման հարցադրմամբ են հանդես եկել այսօր ժամը 15:00-ից Ռուսաստանի դեսպանատան մոտ հավաքված ակտիվիստները, մասնավորապես, իրավապաշտպաններ Լևոն Բարսեղյանն ու Ավետիք Իշխանյանը:
Ակտիվիստները պահանջում են հարգել վթարի մեջ մեղադրվող «Կամազ» բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի իրավունքները: Նշենք, որ Հարությունյանի վարած «Կամազը», որի արգելակները չեն գործել, բախվել է ավտոբուսին: Տեղի ունեցած վթարի հետևանքով ավտոբուսում եղած 64 ուղևորներից 18-ը մահացել են, վարորդին առաջադրված մեղադրանքով նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Նշենք, որ երեկ Հարությունյանին անմիջապես հիվանդանոցից կնոջ խալաթով են բերել դատարանի դահլիճ, որտեղ նա անընդհատ փորձել է թաքցնելդեմքը տեսախցիկներից և արտասվել է: Հայաստանի քաղաքացու նման վիճակը բողոքի ալիք է բարձրացրել հայլեզու բլոգերում, սոցցանցերում:
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին հետևյալ գրություններով պաստառներ՝ «Халатное правосудие РД, прекратите шовинизм» (ՌԴ-ի խալաթային/անփույթ (ռուսերենում բառախաղ է) արդարադատությունը, դադարեցրեք շովինիզը), «Конституция РФ статья 21. право любой личности на достоинство – не действует для водителей армян?» (ՌԴ Սահմանադրություն, հոդված 21. արժանապատվության իրավունքը յուրաքանչյուրի իրավունքն է՝ չի՞ գործում հայ վարորդների համար):
Ակցիայի կազմակերպիչները ստորագրահավաք են անցկացրել՝ արդար և արժանապատիվ դատավարության պահանջով: Մոտ 60 ստորագրություններով փաստափուղթը ակցիայի կազմակերպիչները հանձնել են դեսպանատուն: Ավելի ուշ դեսպանության մոտ եկած ակտիվիստների ևս մեկ խումբ, որի կազմում են եղել Դաշնկացություն կուսակցության ներկայացուցիչները, դեսպանությանը կնոջ խալաթ է հանձնել՝ ի նշան բողոքի Հարությունյանի նկատմամբ դրսևորած վերաբերմունքի դեմ: Խալաթը չեն վերցրել և այն մնացել է կախված դեսպանության ցուցանակի վրա: Կնոջ խալաթի վրա գրված է եղել՝ «Ահա Ձեզ խալաթը, հագեք ինքներդ»:
«Սրանից միջնադարի հոտ է գալիս՝ խտրական վերաբերմունքի դրսևորում է ու զարմանում եմ, որ գոնե Սփյուռքի նախարարությունը, չեմ ասում՝ ԱԳՆ-ն, մի կոշտ արձագանք այս կապակցությամբ չեն արտահայտում: Ո՞ւր է Սփյուռքի նախարարության ձայնը, որը միանգամից պետք է հնչեր, այս նախարարությունը կարծես ստեղծված է միայն սփյուռքի հայերին պաշտպանելու համար», – ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Ժուռալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ նշել է, որ պատահմամբ է իմացել կազմակերպված ակցիայի մասին ու շտապել է միանալ մասնակիցներին:
«Ռազմավարական կոչված այդ դաշնակցի նման վերաբերմունքի համար միանում եմ բողոքողներին, ուղղակի վստահ եմ՝ եթե վարորդը ռուս լիներ, նրա հետ նման կերպ չէին վարվի՝ խալաթով բերեին դատարան: Դատավորն էլ հաստատ կարգելեր նման դատաքննությունն ու կասեր՝ «կարգի բերեք ու հետո նոր միայն կշարունակենք», -ասել է Բարսեղյանը:
Լևոն Բարսեղյան
Ակցիայի մեկ այլ մասնակից, լրագրող Գայանե Առուստամյանը համոզմունք է հայտնել, թե կոմայից նոր դուրս եկած Հարությունյանին խալաթով դատարան «քարշ տալու» հանգամանքը խոսում է այն մասին, որ Ռուսաստանը նոտա է ուղարկում Հայաստան, թե՝ «խելոք մնացեք, մենք ենք, որ ձեր տերն ենք»:
«Մարդուն այդպես այլանդակ կտտանքի ենթարկելը ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարում է, այլ վերաբերմունք՝ մի ամբողջ ազգի նկատմամբ: Ես ուղղակի պահանջում եմ ՌԴ-ի՝ ստալինյան իրավահաջորդ Պուտինի երկրում չոտնահարել մեր երկրի քաղաքացու իրավունքները և նրան էքստարդիցիա անել ու դատել հայրենիքում: Նա տեռորիստ չէ, նա նույնպես կարող էր զոհվել»,- ասել է Առուստամյանը:
Գայանե Առուստամյան
Ավելի ուշ ակցիայի մասնկիցներին են միացել Հարությունյանի ընտանիքի անդամները՝ հայրը, եղբայրը, քույրը, կինը և դուստրը, ովքեր խնդրել են օգնել Հայաստանի համար կռված ազատամարտիկին:
Հարությունյանի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը, ով ակցիայի ամբողջ ընթացքում արտասվել է, Epress.am-ի թղթակցին ասել է, թե ամենավիրավորականն իր ամուսնուն այդքան նվաստացած տեսնել է:
Ձախից՝ Սեդա Հարությունյանը, աջից՝ Անահիտ Մարտիրոսյանը
«Աղաչում ենք, թող բերեն Հայաստան, ինքը նարկոման չէ, հանցագործ չէ, կարծում եմ՝ հնարավոր է, թող մեր ղեկավարությունը աջակցի», – ասել է քույրը՝ Սեդա Հարությունյանը: