Home / Հայաստան / Դատարանը մերժել է մահացած զինվորի մոր դիմումը. իրավապաշտպանը դա աբսուրդ է համարում

Դատարանը մերժել է մահացած զինվորի մոր դիմումը. իրավապաշտպանը դա աբսուրդ է համարում

Այսօր ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԼՂՀ-ի «Շուշի» ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի (լուսանկարում) դիմումը: Պետրոսյանը պահանջում է իրեն ճանաչել տուժողի իրավահաջորդ, ինչը նախաքննական մարմինը չի անում: Ուստի կողմը դիմել է դատարան՝ պահանջելով վերացնել ՀՔԾ-ում գործը քննող քննիչի որոշումը, որով Հայկ Մովսիսյանի իրավահաջորդ ճանաչելու մասին պահանջը չէր բավարարվել, բայց չէր էլ մերժվել, քանի որ դիմումի քննությունը հետաձգվել էր:

Արդյունքում, ըստ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի՝ սպանված զինվորի հարազատները, չլինելով իրավահաջորդ, քրեական գործի քննության մասին մանրամասներ չեն կարող ստանալ:

Դատարանը, մերժելով քննիչի որոշման դեմ դիմումը, պատճառաբանել է, որ այդ որոշումը նախ պետք է վերադասության կարգով բողոքարկվեր, այսինքն՝ մինչ դատարան դիմելը՝ տուժող կողմը պետք է դիմեր քննիչի վերահսկող մարմնին՝ դատախազին:

Արայիկ Զալյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ դատարանի որոշումը աբսուրդ է, քանի որ քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ անգործությունը վիճարկելու համար կարելի է միանգամից դիմել դատարան:

«Մենք դիմումը քննելը հետաձգելը համարում ենք անգործություն: Նախաքննական մարմնի անգործությունը մեզ համար ակնհայտ է, քանի որ մեկ տարի է անցել, իսկ տուժողի մայրը չի ճանաչվել իրավահաջորդ»,- ասել է Զալյանը:

Կողմը մտադիր է դիմել վերաքննիչ դատարան:

Հիշեցնենք, որ 2012 թվականի նոյեմբերի 20-ին Հրազդանի բնակիչ Հայկ Մովսիսյանին գտել են մահացած Շուշիի բանտում: Նախնական պաշտոնական վարկածով՝ նա ինքնասպան է եղել: Երիտասարդը 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ զինծառայությունից խուսափելու և իր առողջությանը վնաս պատճառելու համար, սակայն հետմահու անմեղ է ճանաչվել: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել էր քրեական գործ հարուցել այն անձանց նկատմամբ, ովքեր ապօրինի քրեական հետապնդում են իրականացրել երիտասարդի նկատմամբ:

Իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը վստահություն էր հայտնել, որ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին աշխատանքից ազատելը կապված է եղել Հայկ Մովսիսյանի գործի հետ:

Դեռևս անցյալ տարի Հեղինե Պետրոսյանը հայտարարել էր, որ չի հավատում ինքնասպանության վարկածին: