Երևանում բարձրացավ տրանսպորտի ուղեվարձը: Քաղաքապետարանի ներկայացուցիչը պնդում է, որ նման թանկացումը վաղուց էր հասունացել:
Հուլիսի 20-ից Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձը կկազմի 150 դրամ՝ նախկին 100-ի փոխարեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: 150 դրամ ուղեվարձը վերաբերում է ավտոբուսներին և երթուղային տաքսիներին: Տրոլեյբուսի գինը նույնպես կբարարձանա 50 դրամով ու կկազմի 100 դրամ: Մետրոյի ուղեվարձը չի փոխվի՝ 100 դրամ:
Այս որոշմանը քաղաքապետարանը եկել է մրցութային հանձնաժողովում ուղևորափոխադրումներ կատարող ընկերությունների հայտերի քննարկումից հետո: Նավասարդյանը նշել է, որ ուղևորափոխադրող ընկերություններն իրենց դիմումներում խնդրել են տրանսպորտի գինը բարձրացնել մինչև 200 դրամ և դա հիմնավորել են մեքենաների տեխզննման, պահեստամասերի, վառելիքի գների բարձրացմամբ: Բանախոսն ընդգծել է, որ հանձնաժողովը եկել է եզրակացության, որ ուղեվարձը մինչև 200 դրամ բարձրացնելու պահանջն ուռճացված է և ուղևորափոխադրումները հնարավոր է կազմակերպել 150 դրամով:
Նավասարդյանի խոսքով՝ ուղևորափոխադրողները վարձը բարձրացնելու հայտով քաղաքապետարան են դիմել հունիսին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ ժամանակ կտրուկ նվազել է ուղևորների թիվը: Նա պնդել է, որ գների բարձրացումը կբերի նաև որակի բարձրացման, ինչը տեղի կունենա ավելի ուշ, քան գների բարձրացումն է լինելու: Քաղաքապետարանը խոստացել է ավելի խիստ վերահսկողություն իրականացնել ուղևորափոխադրող կազմակերպությունների վրա:
Նավասարդյանը նշել է, որ գազի գնի թանկացումը բացարձակապես կապ չունի ուղեվարձի բարձրացման հետ, հատկապես եթե հաշվի առնել, որ մեքենաներից շատերը դիզվառելիքով են աշխատում: Նրա խոսքով՝ 10 տարի շարունակ Հայաստանում գնաճ է գրանցվում, սակայն ուղեվարձի գինը չի փոխվում, թեև դա միշտ արդիական է եղել և այդ հարցն ընկերությունները միշտ բարձրացրել են: