Home / Հայաստան / Քաղաքակիրթ տրանսպորտային համակարգը 100 դրամով անհնար է ապահովել. Տարոն Մարգարյան

Քաղաքակիրթ տրանսպորտային համակարգը 100 դրամով անհնար է ապահովել. Տարոն Մարգարյան

Ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին որոշումը ոլորտի բնականոն աշխատանքն ու շահագործման համարժեք ծախսերն ապահովելու նպատակ է հետապնդում: Այս մասին այսօր Երևանի ավագանու ՀՀԿ, ԲՀԿ և «Բարև Երևան» խմբակցությունների  անդամների հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Իրականում սոցիալական բեռի խնդիր է առաջանում, որը որոշ խավի կողմից արդարացի բողոքների տեղիք է տալիս: Քանի դեռ մենք սոցիալական որոշ խմբերի համար արտոնություններ չենք սահմանել, հետևաբար թե՛ իրենց, թե՛ իրենց ընտանիքների համար լրացուցիչ բեռ ենք ավելացնում: Ես իսկապես մտահոգ եմ ոչ միայն մեր սոցիալապես անապահով խավի համար, այլև մեր քաղաքում հասարակական տրանսպորտի անվտանգ երթևեկություն ապահովելու համար: Եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ ունենալ, ապա 100 դրամով դա անհնար է ապահովել: Այսկերպ մենք չենք կարողանա թարմացնել շարժակազմը և ապահովել բոլոր այն պահանջները, որոնք այս տարիների ընթացքում եղել են մեր բնակիչների կողմից տրանսպորտի ոլորտի կանոնակարգման և զարգացման հարցում: Այս սակագնով դրան հասնելը անհնար էր»,- Մարգարյանի խոսքերը փոխանցում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Նա ավելացրել է, որ դրա հետ միաժամանակ պետք է խիստ վերահսկողություն իրականացվի սպասարկման բարձր որակի ապահովման, մասնավորապես երթուղիների սահմանված չվացուցակների պահպանման, ինչպես նաև երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաքանակի ապահովման ուղղությամբ: Կբացառվի նաև միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը:

Քաղաքապետը նշել է նաև, որ, հաշվի առնելով հարցի սոցիալական ուղղվածությունը, առաջիկայում կստեղծվի հասարակական կազմակերպություններից ու շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը համակողմանիորեն կուսումնասիրի և մեխանիզմներ կառաջարկի որոշումն առավել ամբողջական և օպտիմալ դարձնելու համար:

Ավելի վաղ «Բարև Երևանը» քաղաքապետի հետ իր հանդիպման մասին հաղորդագրություն էր տարածել, որում նշել էր, թե խմբակցության դիրքորոշումն անփոփոխ է՝ սակագինը պետք է իջեցվի 100 դրամի: