Home / Հայաստան / Բաց ֆորում Տավուշում. «Մարդու իրավունքներից ՝ դեպի բացարձակ ժողովրդավարություն»

Բաց ֆորում Տավուշում. «Մարդու իրավունքներից ՝ դեպի բացարձակ ժողովրդավարություն»

Օգոստոսի 8-ից 14-ը Նոյեմբերյանում՝ Ժողովրդավարության Ամառային Ֆորումի շրջանակներում կանցկացվեն Մարդու իրավունքների և «Բացարձակ ժողովրդավարության» հայեցակարգի տեսական դասընթաց, քննարկում, բանավեճ և դատալսումներ: Ծրագրում որպես բանախոսներ ընդգրկված են Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ներկայացուցիչներ Գեորգի Վանյանը, Լուիզա Պողոսյանը, քաղաքական և հասարակական ակտիվիստ Վրեժ Զատիկյանը:

Դասընթացների և քննարկումների թեմաներն են.

– Իրավապաշտպանության տեսության դիլեմաները:
– Կիրառական իրավապաշտպանության խնդիրները։
– Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված իրավապաշտպանական մեխանիզմները:
– Օրենսդրական գործընթացին քաղաքացիների մասնակցության հնարավորությունները:
– Ընտրական գործընթացները Հայաստանում և ԱՄՆ-ում. Զուգահեռներ:
– «Բացարձակ ժողովրդավարության» հայեցակարգի գործարկման նախադրյալներն ու առաջնահերթությունները:

Միջոցառումը կանցկացվի Նոյեմբերյանի «Լուսածիր» հասարակական կազմակերպության նիստերի դահլիճում (Կամոյի փողոց 6) օգոստոսի 8-ից 14-ը, ժամը 18:00-21:00:

Նոյեմբերյանի Ֆորումի աշխատանքը 4 օրով կշարունակվի Երևանում, սեպտեմբերին:

Ֆորումի ամենօրյա մասնակիցների համար կապահովվի տրանսպորտ Նոյեմբերյան և հետադարձ երթուղով` Ոսկեպարից, Կոթիից, Բարեկամավանից, Բաղանիսից, Ոսկեվանից, Ջուջեվանից, Դովեղից, Կողբից, Բերդավանից, Զորականից, Հաղթանակից, Պտղավանից, Դեղձավանից, Բագրատաշենից, Դեբեդավանից, Արճիսից, Այրումից և Լճկաձորից:

Ֆորումի ամենօրյա կամ ազատ գրաֆիկով մասնակցությունը բաց է երևանցիների և այլ բնակավայրերից բոլոր ցանկացողների համար, ովքեր կարող են ապահովել իրենց գիշերակացը Նոյեմբերյանում:

Ծրագիրն իրականացնում է Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնը (CCPMI),  ԱՄՆ Ժողովրդավարության Ազգային Հիմնադրամի (NED) աջակցությամբ:

լուսանկարը՝ Novostink.ru