Ապրիլի վերջին ոստիկանական ներքին անվտանգության վարչության օպերլիազորի պաշտոնից կադրերի ռեզերվ ուղարկված Վարդան Ղուկասյանը (կեղծանունը՝ Դոգ), նոր պաշտոն է ստացել, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Նա ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում նշանակվել է ոստիկանապետի տեղակալ։ Թերթն ուշագրավ է համարում այն փաստը, որ նշանակումն արդեն քանի օր թաքուն է պահվում՝ ավելորդ աղմուկից խուսափելու համար։
Վարդան Ղուկասյանն աշխատանքից ազատվել է Հյուսիսային պողոտայում hetq.am կայքի լրագրող Անի Հովհաննիսյանի հրելու և վիրավորելու համար:
Նշենք, որ Դոգը, ով, ըստ տարածված տեղեկությունների, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մերձավորներից է, հանրության ուշադրության կենտրոնում առաջին անգամ հայտնվել էր 2011 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ վիճաբանել էր ակցիա անցկացնող բանակում զոհված զինծառայողների հարազատների հետ:
Տեսանյութը՝ Արման Վեզիրյանի
Վարդան Ղուկասյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, ոստիկանին հրավիրել էր հրապարակային բանավեճի: Ղազարյանը պնդել էր, թե Վարդան Ղուկասյանն իր հետ զրույցում տեղեկություններ էր հայտնել որդու սպանության մասին, որից հետո մամուլում հերքել էր, թե նման զրույց է եղել: Epress.am-ի հետ զրույցում Ղազարյանը նշել էր, որ պահանջում է պատժել Ղազարյանին զրպարտության համար և արգելել նրա գործունեությունը ոստիկանական կառույցում: Զոհված զինվորի մայրը պնդել էր, որ Դոգը ոչ պաշտոնապես շարունակում է համակարգում մնալ, ու քանի որ շատ բան գիտի, նրան համակարգից վերջնականապես չեն հանի: