Home / Տեսանյութեր / Բանակցություններից հետո որոշվեց՝ Կոմիտասի 5-ում 5 օր շինարարություն չի լինի (ՎԻԴԵՈ)

Բանակցություններից հետո որոշվեց՝ Կոմիտասի 5-ում 5 օր շինարարություն չի լինի (ՎԻԴԵՈ)

Կոմիտասի 5 հասցեում 5 օրով դադարեցվելու են շինարարական աշխատանքները: Արձագանքելով բնակիչների ու ակտիվիստների բողոքի ակցիաներին, ովքեր պահանջում են դադարեցնել բնակելի շենքի շինարարությունը, այսօր կեսօրից հետո նշված հասցե հանդիպման են եկել փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը:

Ակցիայի մասնակիցները նրանց դիմավորել են «Ամոթ, ամոթ» վանկարկումներով, ինչից հետո Օհանյանը հարցով դիմել է աղմկող ակտիվիստներից մեկին.  

«Հիմա ես եկել եմ քո մոտ, հարց եմ տալիս, ինչի՞ համար ա [բողոքդ]»:

Ակտիվիստները պատասխանել են, թե միացել են բնակիչների բողոքին, քանի որ շինարարությունն ապօրինի է:

Օհանյանը հարցրել է՝ արդյո՞ք պայքարողները տարածքի բնակիչներ են, եթե ոչ, ապա ինչ կապ ունեն վերջիններիս հետ: Փոխքաղաքապետի խոսքով՝ իր համար անհասկանալի է, որ, ասենք, Դավթաշեն համայնքում բնակվող երիտասարդը պայքարում է կոմիտասցու համար:

Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը հակադարձել է, թե դա նրանից է, որ փոխքաղաքապետն այն համակարգի ներկայացուցիչն է, որը  «մեր ազգը պառակտել, դարձրել է թաղ-թաղ»:

Օհանյանը զրուցել է նաև տարածքի բնակիչների հետ, որի ընթացքում վերջիններս պնդել են, թե ոչ մի պարագայում թույլ չեն տա սկսել շինարարությունը:

Փոխքաղաքապետի հետ տարածք է ժամանել նաև կառուցապատող ընկերության՝ «Լիդեր» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Աբրահամյանը, ով նշել է, թե շինարարության իրականացնելու մասին խնդիրը հանգուցալուծված է դեռևս անցյալ տարվանից, երբ  բնակիչների խնդրանքով որոշումը փոխվել է՝ շենքի 14 հարկերի փոխարեն կառուցվելու է 7-ը:

«Ես մտածում եմ, որ այստեղ խառնող ձեռքեր կան, բնակիչները ինչ-ինչ ակնկալիքներ ունեն ինձանից, սակայն ավելին ասել չեմ կարող», – նշել  է Աբրահամյանը:

Զրույցի ընթացքում բնակիչները սկսել են աղմկել ու կառուցաապատողին հորդորել հեռանալ և ուրիշ վայրում իրականացնել շինարարությունը: Նրանք պնդում են, որ շենքը չափազանց մոտ է կառուցվում իրենց շենքերին, փակում է լուսավորությունը, իսկ շինարարության ընթացքում ճաքում են հարակից շենքերի պատերը: 

Մի  քանի ժամ տևած բանակցություններից հետո որոշում է կայացվել մի քանի օրով դադարեցնել շինարարությունը մինչև կառուցապատողը կպատրաստի նախագծի ամբողջովին նորացված փաթեթը: