Կոմիտաս 5 հասցեում բողոքի ակցիայի ժամանակ ակտիվիստ կնոջը փաթաթված և նրա պարանոցը համբուրած ոստիկանի գործողությունները կարող են ակնհայտորեն բնորոշվել որպես սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետևանքներով: Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կանանց իրավունքներով խորհրդական Աննա Սաֆարյանի հայտարարության մեջ:
«Պահանջում ենք նման վրդովեցուցիչ միջադեպի պատշաճ քննություն և ակնկալում ենք խիստ պատասխանատվություն անբարո և հանցավոր արարքի համար: Կանանց նկատմամբ ցանկացած սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է, իսկ այլասերված որևէ ոստիկանի պաշտոնավարումը՝ անթույլատրելի:
Սեռական ոտնձգության մասին բարձրաձայնելը չափազանց բարդ է: Դրանից տուժած և սեփական արժանապատվության ու իրավունքների համար պայքարող կինը կարող է հանդիպել ոստիկանների և իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչների անտարբերությանը, քամահրանքին, ծաղրանքին, նույնիսկ` մեղադրանքին», – նշում է Սաֆարյանը:
Նա նաև ընդգծում է, որ այսօր Հայաստանում հատկապես խնդրահարույց է աշխատանքի վայրում կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունները:
«Հաճախ կարելի է հանդիպել աշխատանքի հրավեր-հայտարարություններ, որտեղ ներկայացված են մասնագիտական ունակությունների հետ կապ չունեցող պահանջներ, մասնավորապես, որպես նախապայման սահմանված է կնոջ որոշակի տարիք կամ արտաքին տվյալներ: Երբեմն աշխատանքի ընդունվելու հարցազրույցների ընթացքում գործատուների կողմից որպես պայման դրվում են սեռական կամ այլ ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը:
Աշխատանքի վայրում, փողոցում կամ որևէ այլ միջավայրում սեռական բռնության ենթարկված կանանց Պաշտպանի աշխատակազմը հրատապ կարգով կտրամադրի հատուկ աջակցություն՝ նրանց ուղեկցելով իրավական ողջ գործընթացում: Նման ծանր վիճակում հայտնված կանայք կարող են մեզ հետ կապվել՝ զանգահարելով Պաշտպանի 116 թեժ գծին», – նշում է Աննա Սաֆարյանը: