Home / Հայաստան / ԱՄՆ-ում ուսման վարձը հասնում է 50 հազար դոլարի. ԵՊՀ ռեկտորը՝ թանկացման մասին

ԱՄՆ-ում ուսման վարձը հասնում է 50 հազար դոլարի. ԵՊՀ ռեկտորը՝ թանկացման մասին

Բուհերում ուսումնական վարձերի թանկացման մասին այսօր պարզաբանում է տարածել ԵՊՀ հեռկտոր Արամ Սիմոնյանը՝ նշելով, որ այս հայտարարության կարիքը զգացել է, քանի որ խնդիրը շահարկվում է «թյուր կարծիքներով և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններով»:

Արամ Սիմոնյանը նշել է, որ, մասնավորապես, անհիմն են բոլոր այն պնդումները, թե ուսման նոր վարձավճարների սահմանումն անօրինական է և իբր ԵՊՀ գիտական խորհուրդը չուներ այդ լիազորությունները, քանի որ վճարները սահմանվել են ԵՊՀ կանոնադրության 30-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն:

«Նոր ուստարվա ընդունելության մրցույթով անցած դիմորդները (նրանք դեռևս հրամանագրված չեն որպես ուսանող) ընդունելության դիմում-հայտերը ներկայացնելիս տեղեկացված են եղել սահմանված վարձավճարների մասին: Այսպիսով՝ անհիմն են բոլոր այն պնդումները, որ վարձավճարների չափը և վճարման ժամկետը անակնկալ են եղել դիմորդների կամ նրանց ծնողների համար: Դիմորդները բավարար ժամանակ են ունեցել կողմնորոշվելու բուհի կամ մասնագիտության հարցում: Անդրադառնալով մեկ ուսանողի հաշվով ծախսվող գումարի չափին՝ հարկ է նշել, որ եվրոպական զարգացած երկրներում այն նվազագույնը շուրջ 10.000 եվրո է, իսկ ԱՄՆ-ի առաջատար համալսարաններում՝ հասնում է մինչև 50 հազար դոլարի: Ավելորդ չէ նշել, որ անվճար կրթություն գոյություն չունի, և բարձրագույն կրթության համար վճարում է կամ պետությունը, կամ շահառուն, կամ էլ զանազան բարեգործական հիմնադրամներն ու անհատները»,- գրել է բուհի ռեկտորը:

Արամ Սիմոնյանը հիշեցրել է նաև, որ վարձավճարների բարձրացումը նպատակ է ունեցել բարելավել դասախոսների աշխատանքային պայմանները, քանի որ իր ողջ կյանքը կրթության և գիտության հետ կապող դասախոսը նույնպես իրավունք ունի ապրելու արժանավայել և ունենալու պատշաճ վարձատրություն:

«Ցավոք, ԵՊՀ անձնակազմի աշխատավարձը, որը միջինը կազմում է 150.000 դրամ չի կարող համարվել բավարար, ուստի ԵՊՀ կոլեկտիվը մշտապես հարց է բարձրացրել՝ կապված դրա վերանայման և բարձրացման հետ: Ցածր աշխատավարձը խոչընդոտում է կադրերի երիտասարդացումը, ինչն արդիական խնդիր է բուհական համակարգի համար: Այն հաճախ նպաստում է նաև երիտասարդ կադրերի արտագաղթին: 2013թ. սեպտեմբերից կբարձրանան ԵՊՀ պրոֆեսորադասախոսական հիմնական անձնակազմի 1-ին և 2-րդ կարգի աշխատակիցների տարբերակված հավելավճարները, իսկ նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ 2014թ. հունվարից հնարավորություն է ընձեռվում 5%-ով բարձրացնել բոլոր աշխատողների աշխատավարձերը: Վերջին ժամանակահատվածում անընդհատ շահարկվող, այսպես կոչված, վարձավճարների բարձրացումը մեկ ուստարվա ընթացքում ԵՊՀ բյուջեին լավագույն դեպքում կավելացնի շուրջ 350 միլիոն դրամ (բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա համակարգերը միասին վերցված): Այս գումարի չափը թեև առաջին հայացքից պատկառելի է, սակայն գիտակրթական պատշաճ գործունեություն իրականացնելու դիտանկյունից նայելու պարագայում այն կարող է բավարարել ընդամենը մի քանի արժեքավոր գիտական սարքավորումների ձեռքբերման համար, կամ այն կազմում է ԵՊՀ աշխատակիցների շուրջ մեկ ամսվա աշխատավարձի ֆոնդը: Այս գումարն ամբողջովին տրամադրվելու է ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերի բարձացմանը. ինչպես վերը նշվեց, 2013թ. սեպտեմբերից կբարձրանա ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի 1-ին և 2-րդ կարգի աշխատակիցների տարբերակված հավելավճարները (շուրջ 120 միլիոն դրամ) և 2014թ. հունվարից բոլոր աշխատողների աշխատավարձը՝ 5%-ով (շուրջ 230 միլիոն դրամ): Այսպիսով, ակնհայտ է, որ խնդիրը շահարկվում է անհարկի, ծիծաղելի են այն պնդումները, որ առաջին կուրսեցիների համար սահմանված նոր վարձավճարներն ահռելի եկամուտներ են»,- նշել է ռեկտորը: