Home / Հայաստան / Հյուսիսային պողոտայում երաժշտին վիրավորելու և նրա մորը հարվածելու գործով քննություն է սկսվել

Հյուսիսային պողոտայում երաժշտին վիրավորելու և նրա մորը հարվածելու գործով քննություն է սկսվել

Երեկ Հյուսիսային պողոտայում ամեն օր նվագող երաժիշտ Գևորգի հաղորդման հիման վրա Ոստիկանություն Կենտրոնի բաժնում հետաքննություն է սկսվել, նախապատրաստվում են նյութեր, սակայն քրեական գործ դեռ չի հարուցվել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը: Ոստիկանության փոխանցմամբ՝ հանցանքը կատարողի  ինքնությունը պարզվել է՝ դա 18-ամյա Ա.Գ.-ն է, ով տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք:

Ինչպես ավելի վաղ գրել էր hetq.am-ը, երեկ Հյուսիսային պոողոտայում երաժշիտ Գևորգին են մոտեցել մի խումբ երիտասարդներ, որոնցից մեկը սկսել է ծաղրել նրան՝ ասելով՝ «արագ նվագի, թե չէ գլուխդ կջարդեմ»: Նրանց մոտեցել է Գևորգի մայրը՝ պահանջելով երիտասարդներից չանհանգստացնել որդուն: Մորն ի պատասխան՝ երիտասարդներից մեկը ոտքով հարվածել է նրա աչքին: Շտապօգնությունը Գևորգի մորը տեղափոխել է հիվանդանոց:  

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի վերջին Հյուսիսային պողոտայում Գևորգին էր մոտեցել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մերձավորներից, ոստիկան Վարդան Ղուկասյանը (կեղծանունը՝ Դոգ) և պահանջել էր իրերը հավաքել ու ներկայանալ բաժին: Այդ պահին միջամտել էր hetq.am-ի լրագրող Անի Հովհաննիսյանը, ում Դոգը հրել ու վիրավորել էր: Ոստիկանը ազատվել էր աշխատանքից, սակայն երեք ամիս անց նրան նորից վերադարձրել էին համակարգ: