Օգոստոսի 25-ին ակտիվիստներ Միհրան Մարգարյանին և Բաբկեն Տեր-Գրիգորյանին Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում ծեծի ենթարկած 7 անձանցից 2-ը ոստիկանություն են ներկայացել:
Ոստիկանական կայքի համաձայն, «ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 14-ին պարզվել է, որ Մարգարյանին և Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկել և վնասվածքները պատճառել են Երևանի բնակիչներ՝ 1988 թ. ծնված Ս. Բաբայանը և 1974 թ. ծնված Ս. Փուրտոյանը, որոնք ներկայացվել են բաժին ու տվել խոստովանական ցուցմունքներ»: Քրեական գործը հարուցվել է 118 հոդվածի հատկանիշներով (Ծեծ):
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը սեպտեմբերի 12-ին հայտարարություն էր տարածել և դատապարտել ԱՄՆ քաղաքացու՝ Բաբկեն Տեր-Գրիգորյանի և այլ քաղաքացիական ակտիվիստների դեմ կատարված բռնությունները:
«Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը շուտափույթ գործողություններ ձեռնարկել՝ դատապարտել այդ հարձակումները, անցկացնել քննություններ ու պատժել մեղավորներին», – նշել են հայտարարության հեղինակները: