Գյումրիում գտնվող 8-րդ թաղամասում (Վոսմոյ գորոդոկ) բնակվող հայ ընտանիքներին ռուսաստանյան կողմը 10-օրյա ժամկետում պարտադրում է ազատել բնակարանները, որպեսզի ռուսաստանցի զինվորականների ընտանիքներին բնակարան հատկացնեն:
Ինչպես հաղորդում է galatv.am-ը, բնակիչները բնակարաններն ազատելու պաշտոնական գրություն են ստացել 102-րդ ռազմաբազայից, որտեղ սակայն չի պատճառաբանվում, թե ինչու՞ են ստիպում մարդկանց հեռանալ իրենց տներից:
«Ես այս բնակարանում ապրում եմ արդեմ 20 տարի, ամուսինս զինվորականան է, և բնակարանը տվել են որպես ծառայողական բնակարան զինծառայողի ընտանիքին, հիմա էլ ամուսինս ծառայության մեջ է Ռուսաստանում, մեծ որդիս ևս, իսկ ինձ հարգարժան ռուսները պարտադրում են թոռներով ու հարսներով դրսում հայտնվել… Ասացեք՝ որքանով է իրավական և բարոյական…
Պատճառն անգամ չգիտեմ՝ ինչու՞ են հանում, ինձ չի եկել ասել՝ այս պատճառով կհանեմ, ծառայողական բնակարան է, ես ժամանակին ստացել եմ, վերակառուցել եմ, հարկեր ու տուրքեր եմ տվել, իսկ այսօր ասում են՝ գնա ու ժամկետ են դրել վրաս, որը լրանում է վաղը», – ԳԱԼԱ-ի հետ զրույցում դժգոհել է թաղի բնակիչներից Զինաիդա Ղուկասյանը:
Բնակիչները դժգոհում են, որ արդեն մի քանի օր թաղի տղամարդիկ գնում են ռազմաբազա՝ ղեկավարության հետ հանդիպելու և պատճառների մասին խոսելու, սակայն նրանց չեն ընդունում:
ԳԱԼԱ-ն նշում է, որ ՀՀ-ում գտնվող դեսպանատնից և Գյումրիում գործող ՌԴ հյուպատոսարանից մինչև այժմ պաշտոնական պարզաբանում ստանալ չի հաջողվել:
ՀՀ-ում գտնվող դեսպանատնից և Գյումրիում գործող ՌԴ հյուպատոսարանից կայքին փոխանցել են, որ իրենք տեղյակ չեն և մանրամասների մասին ոչինչ ասել չեն կարող, իսկ 102-րդ ռազմաբազայից խոստացել են, որ պաշտոնական պարզաբանում կտրվի երկուշաբթի:
«Մեզ մեր տներից հանում են, քանի որ ռուսը նոր զորք է բերում ստեղ՝ Գյումրի, հազարավոր ընտանիքներ տեղափոխվելու են, որ ստեղ ապրեն: Բայց շատ կներեն, որ մենք չենք պատրաստվում լքել մեր տները, սա մեր հողն է, ու մենք ամուր ենք կանգնած մեր հողին…
Մենք չգիտենք ռուսական կողմն ինչ է ուզում անել, բայց ինչ որ անում է, մեզանից յուրաքանչյուրիս հետ հաշվի պիտի նստի, մենք յուրաքանչյուրս այստեղ 20-26 տարի ապրել ենք: Աշխատել ենք իրա երկրի ու պետության, իրա բանակի համար: Իսկ այսօր ուղղակի մեր հնարավորությունները պետք է թողնենք, որ ռուսը գա իր որոշումը կայացնի՞ մեր հողի վրա, մեզ էլ ասում են՝ գնա: Ինքը այդ իրավունքը չունի: Երբ որ ինքը մեզի հետ հաշվի կնստի, կբերի օրենքի բոլոր տվյալները, թե ինչի հիման վրա են մեզի հանում, երբ որ բնակարանով ապահովի, այ այդ ժամանակ մենք կգնանք…:
Սա մեր հողն է, իսկ մեր հողի վրա մեր ոտքերը ամուր է, ոչ մի խոսքի ու խոստման վրա չենք հենվի, երբ որ կտան մեզ բնակարան, խնդրեմ, դուրս կգանք, այլապես՝ ոչ մի դեպքում:
Մենք ստեղ 20 տարի ապրել ենք, սարքել ու ռեմոնտ ենք արել, առանց իրանց դուռը թակելու, հիմա ասում են՝ դասվիդանյա՞», – դժգոհել է տիկին Հռիփսիմեն:
«Հազար սրանց ասինք՝ այ մարդ, հերիք էդ ռսի սապոգ պաչեք, հերիք, սրա վերջը վատ է լինելու…», – հավելել է տարեց բնակիչներից մեկը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն այսօր ԳԱԼԱ-ին վստահեցրել էր, որ այդ բնակիչների հարցը ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի ուշադրության կենտրոնում է և մտածում են խնդրի լուծման ուղիների մասին: