հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / 12-ժամյա ակցիա. պահանջում են ընդունել «Ընտանեկան բռնության մասին» օրենքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

12-ժամյա ակցիա. պահանջում են ընդունել «Ընտանեկան բռնության մասին» օրենքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան այսօր բաց նամակ է հանձնել ՀՀ կառավարությանը, որով ահանջում է ընդունել ՀՀ «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը:

Նամակի հեղինակները նշում են, որ 2013թ-ի  փետրվարի 11-ին Կառավարությունը նպատակահարմար չի գտել ընդունել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը և Կառավարության կողմից հանձնարարություն է տրվել նախագծի դրույթները ներառել այլ իրավական ակտերում: Այժմ Կոալիցիայի անդամները կոչ են անում քայլեր ձեռնարկել և հանձն առնել այն պարտավորությունների իրականացմանը, որոնք արտահայտված են «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրում և Հայաստանի կողմից վավերացված միջազգային մի շարք փաստաթղթերում:

Բացի դա, Կոալիացիան ակնկալում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անմիջական օգնությունը հոկտեմբերի 1-ը «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր» ճանաչելու հարցում:

Ի աջակցություն իրենց պահանջների՝ Կոալիացիայի անդամներն այսօր առավոտյան 09:00-ից 12-ժամյա խաղաղ հավաք են սկսել ՀՀ կառավարության շենքի դիմաց:

Հոկտեմբերի 1-ը «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր» ճանաչելու պահանջը կապված է 2010 թվականի նույն օրը դաժան ծեծի հետևանքով զոհված 20-ամյա Զարուհի Պետրոսյանի դեպքի հետ:

«Այդ դեպքը միակը չէր, սակայն նախադեպային, քանի որ նպաստեց Հայաստանում ընտանեկան բռնության երևույթի տարածվածության մասին դիսկուրսի առաջացմանը ԶԼՄ-ների կողմից մեր հասարակությունում թաքնված ընտանեկան բռնության դեպքերի վերծանմանն ու լուսաբանմանը, քաղաքացիների կողմից այդ երևույթի մասին իրազեկվածության բարձրացմանը», – տարածած հայտարարության մեջ նշում են Կոալիցիայի անդամները:

Epress.am-ի թղթակցի հարցին՝ արդյո՞ք Կոալիցիան համագործակցում է քաղաքական ուժերի հետ, որպեսզի օրենքն ընդունելու հարցը բարձրացնի նաև խորհրդարանում, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանը պատասխանել է, որ Կոալիցիայի անդամները հնարավորինս փորձում են համագործակցել պատգամավորների կամ որոշում կայացնող կառույցների հետ: Նիկողոսյանը, առանց անուններ նշելու, ընդգծել է, որ կան պատգամավորներ, ովքեր դրական են տրամադրված օրենքի նկատմամբ, սակայն օրենսդիրներից մի մասն էլ ցանկություն չունի, որպեսզի օրենքն անցնի:

Նիկողոսյանի խոսքով՝ իրենք չեն ցանկանում քաղաքականության մաս կազմել, այլ պարզապես ցանկանում են, որպեսզի կառավարությունը կատարի իր միջազգային, ինչպես նաև ազգային պարտավորությունները:

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության ղեկավար Մամիկոն Հովսեփյանը նույնպես նշել է, որ Կոալիցիան իր առջև հարցը քաղաքականացնելու կամ չքաղաքականացնելու խնդիր չի դրել, այլ պարզապես ցանկանում է հասնել մի օրենքի ընդունմանը, որը կանխարգելող բնույթ ունի և օգտակար է ողջ հասարակության համար:

Համաձայն «Ամնեսթի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության 2008 թվականի սոցհարցման` Հայաստանում կանանց մոտ 25%-ը ընտանեկան բռնության զոհ է դառնում, մինչդեռ զոհերի մեծ մասը չունի արդյունավետ մուտք դատական համակարգ, անվտանգ ապաստարանի և վերականգնման մեխանիզմների հնարավորություն:

Համաձայն ՀՀ Ոստիկանության տվյալների՝ միայն  2012 թվականին 5 կին մահացել է ընտանեկան բռնության հետևանքով՝ առանց մայրական խնամքի թողնելով 12 մանկահասակ երեխա:

Համաձայն ՀՀ Ոստիկանության վիճակագրական տվյալների՝ նույն թվականին գրանցվել է ընտանեկան բռնության 766 դեպք, որից միայն 621-ը կատարվել է կանանց հանդեպ:

Պաշտոնական տռվյալների համաձայն, 2013 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով 3 կին է մահացել, թողնելով 6 մանկահասակ երեխա:

Կանանց իրավունքների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները 2011-2013 թվականներին թեժ գծով ընտանեկան բռնության մասին 8012 ահազանգ են ստացել: