ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է լուսանկարված քվեաթերթիկը, որում ինքը ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի դեմ է քվեարկել:
Երեկ ԱԺ-ում կայացած փակ քվեարկության ժամանակ Կոստանյանի օգտին 103 պատգամավոր է քվեարկել, դեմ՝ 3-ը, թեև ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները պաշտոնապես հայտարարել էին, որ Կոստանյանի դեմ են քվեարկելու: Երկու խմբակցություններում միասին 11 պատգամավոր կա, որոնցից Զարուհի Փոստանջյանն ու Լևոն Զուրաբյանը բացակայել են: Ընդդիմադիր ՀՅԴ-ն և իրեն այլընտրանք համարող ԲՀԿ-ն հարցի շուրջ միասնական դիրքորոշում չեն ունեցել և քվեարկել են բաց ռեժիմով, ու միայն ՀՀԿ-ն ու ՕԵԿ խմբակցություններն են հայտարարել, որ կողմ են քվեարկելու Կոստանյանի թեկնածությանը:
«Կանխազգալով զարգացումները, լուսանկարել եմ քվեաթերթիկս: Չեմ սխալվել, փաստորեն», – տեղադրված լուսանկարը մեկնաբանել է Փաշինյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը լուսանկարի տակ այլ մեկնաբանությունների թվում գրել է. «Նիկոլ, բա ձեն հանեիր, մտքովս չի անցել:))»:
Լուսանկարի տակ ծավալված քննարկման ժամանակ Արզումանյանը նաև ասել է, որ Ստեփան Դեմիրճյանը ցանկացել է դեմ քվեարկել, բայց սխալմամբ ծիտիկի նշան է դրել «կողմ» գրածի մոտ՝ ենթադրելով, որ դեմ է քվեարկում, սակայն հարկավոր էր ջնջել «կողմ» գրածը: Արզումանյանի խոսքով՝ այդ քվեաթերթիկը կողմ է համարվել ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի (հանձնաժողովի անդամ) համաձայնությամբ:
Բացի դա, Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ պատգամավորներից մի քանիսը լկտի ստել են՝ ասելով, որ Կոստանյանին դեմ են քվեարկել:
«Այս հարցում ես որևէ մեկին հաշվետու չեմ, բացի, թերեւս, իմ խղճից: Ինձ լավ ճանաչողները գիտեն, թե ինչու է բացառված իմ ԿՈՂՄ քվեարկելը: Մնացյալը ինձ շատ քիչ է հետաքրքրում…
… Իմ ասածը հստակեցնեմ, որից հետո կարող եք հստակեցնել ձեր ասածը: 130 ից մոտ 70 մեծամասնության ներկայացուցիչներ են, որոնք հաշվետու են իրենց пахан-ների առջև, հետո գալիս են բարգավաճ այլընտրանքները, որոնք հաշվետու են իրենց пахан-ի առջեւ, եւ այդպես շարունակ: Ես (ինչպես նաև Նիկոլը) հաշվետու չեմ, ֆրակցիայի որոշումներով չեմ առաջնորդվում և ինձ շատ լավ եմ զգում: Այս թեմայով ես արտահայտվեցի, քանի որ, Նիկոլի հետ փորձում էինք կանխատեսել արդյունքների հարաբերակցությունը, և այն, ինչ պարզվեց, գոնե ինձ համար շոկ էր: Ես իմ քվեի մասին գրել եմ այն բանից հետո երբ, առնվազն 10 հոգի նայելով աչքերիս մեջ լկտիաբար ՍՏԵԼ է իր քվեարկության մասին: Ես ընդամենը ցանկանում եմ, որ հասարակությունը իրազեկված լինի: Վերջակետ», – ասել է Արզումանյանը: