Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) այս ուսումնական տարվանից կրճատվել են աշխատավարձերը: Ինչպես հայտնի է դարձել «Հայկական ժամանակ» օրաթերթին, աշխատավարձերը նվազել են 40-ից 80 հազար դրամով։
Թերթին ահազանգած դասախոսներից մեկի տեղեկությունների համաձայն, դոցենտի աշխատավարձն, օրինակ, 130 հազարից դարձել է 80 հազար, պրոֆեսորինը՝ 180 հազարից՝ 100 հազար դրամ։ Գիտական կոչում չունեցող դասախոսներն այսուհետ ստիպված են 30 հազար դրամ աշխատավարձ ստանալ՝ նախկին 80-90 հազար դրամի փոխարեն։
«ՀԺ»-ն նշում է, որ փոփոխությունները կապված են աշխատավարձերի հաշվարկման նոր կարգի հետ։ Խնդրի առնչությամբ պաշտոնական մեկնաբանություն ստանալու համար թերթի թղթակիցը հարցում է արել բուհ։ Լրատվական ծառայությունից, հաստատելով հանդերձ աշխատավարձի հաշվարկման կարգում կատարված փոփոխություններն ու դրա հետևանքով աշխատավարձերի նվազումը, խնդրել են հարցումն ուղարկել գրավոր՝ թվերի հարցում սխալ թույլ չտալու նկատառումով։
Ռեկտոր Արա Ավետիսյանից էլ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։ Առանց հարցը լսելու, նա նախ ասել է, որ զբաղված է՝ խոստանալով հետ զանգել, հետո արդեն չի պատասխանել հեռախոսազանգին։
Պոլիտեխնիկում ուսումնական տարվանից առաջ 12-17 տոկոսով բարձրացել էր ուսման վարձը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում