ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված ռազմական բժիշկների գործը նոր շրջափուլ է մտնում: Դատախազը 6 մեղադրյալների համար արդեն պահանջել էր 13-ական տարի, սակայն նրանցից 3-ն այսօրվա նիստին ցանկանցել են նոր ցուցմունքներ տալ:
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ վերսկսվել է «Հարսնաքար»-ի գործով դատաքննության փուլը, քանի որ ամբաստանյալներից երեքը հերթով հայտնել են դատարանին, որ կրկին ցանկանում են ցուցմունքներ տալ:
Առաջինը ցուցմունք է տվել մեղադրյալ Նորայր Հայրապետյանը, ով ասել է, որ 2012 թվականի հունիսի 17-ին միայն ինքն է հարվածել ռազմական բժիշկ Վահե Ավետյանին, ով 12 օր անց մահացել է հիվանդանոցում: Ավելի վաղը Epress.am-ը տեղեկացրել էր Հայրապետյանի ցուցմունքի մանրամասների մասին:
Երկրորդը ցուցմունք է տվել ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը: Նա ասել է, որ ինքը ծեծի է ենթարկել տուժող Արտակ Բայադյանին: Ըստ Մարգարյանի` դուրս գալով ամառային սրահից՝ տեսել է Վահե Ավեհտյանին, ով ձեռքերով երեսը փակած է եղել: Նրան ուղեկցել են զուգարան լվացվելու: Համալիրի անվտանգության աշխատակիցները, ըստ Մարգարյանի, փորձել են հարթեցնել վեճը` ասելով, որ ռեստորանում մարդիկ կան, սակայն Վահե Ավետյանի ընկերներից մեկն ասել է, որ կարող են գնալ ավտոկայան, եթե մարդիկ են խնդիրը: Ավտոկայանում, Մարգարյանի խոսքով, ինքը ծեծել է Արտակ Բայադյանին, վերջինս էլ պատասխան հարվածներ է տվել:
Այն հարցին, թե մարմնի որ մասին է հարվածել, Մարգարյանը պատասխանել է, թե «սաղ մարմնին էլ խփել եմ»: Ապա նա թողել է Բայադյանին գետնին պառկած և հեռացել է: Դատախազ Արմեն Մարուխյանի այն հարցին, թե ինչու է անօգնական վիճակում թողել վիրավորին, Գարիկ Մարգարյանն ասել է. «Անօգնական չէր: Լավ էլ քֆուրեր էր տալիս ընկած տեղը»:
Մյուս ամբաստանյալը, որ այսօր որոշել է խոսել դատարանում, Արթուր Բաբլոյանն էր: Նա ասել է, որ ինքը ծեծել է միայն Վահե Ավետյանի ընկերներից Գարիկ Սողոմոնյանին: Ըստ ամբաստանյալի` 21.30 -ի սահմաններում ինքը ձմեռային սրահից դուրս գալով տեսել է Գարիկ Սողոմոնյանին Նորայր Հայրապետյանի հետ: Ապա, քիչ առաջանալով, տեսել է Գարիկ Մարգարյանին` Արտակ Բայադյանի և Արկադի հետ, ում ծնունդն Ավետյանը և ընկերները նշում էին «Հարսնաքար»-ում: Հետո տեսել է երրորդ անձի, ով հայհոյելով գնում էր դեպի Մարգարյանը: Ըստ ամբաստանյալի՝ դա Վահե Ավետյանն էր: Հետո կռիվ է սկսվել:
Այսօր իրենց մեղքը որոշ դրվագներով ընդունած ամբաստանյալները նաև վստահեցրել են դատարանին, որ մյուս երեք ամբաստանյալները` Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը և Դավիթ Ադամյանը չեն մասնակցել որևէ կռվի:
«Դավիթի ներկայությունը նյարդայնացնում էր Վահե Ավետյանին և նրա ընկերներին, այդ պատճառով Դավիթին ասեցինք, որ հեռանա»,-ասել է Մարգարյանը:
Նիստ ավարտվել է 18.00-ին ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի հարցաքննությամբ, այն կշարունակվի հոկտեմբերի 11-ին` ժամը 16:00-ին:
Ըստ Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի՝ նման խոստովանությամբ պաշտպանության կողմը երկու խնդիր է լուծում:
«Մեկը՝ պատժի անհատականացման հարցն է, որի պարագայում նոր համաներման ակտը հնարավոր կլինի կիրառել նրանց նկատմամբ: Պաշտպանության կողմը ձգտելու է հնարավորինս շուտ ավարտել դատաքննությունը: Հանցանքի անհատականացմամբ փորձ է արվում չեղոքացնել մեղադրականում նշված «համակատարում» եզրույթը: Համակատարաման թեզը փոխարինվում է պատժի անհատականացաման սկզբունքով և ամբաստանյալները ընդունում են առանձին դրվագներ՝ դրանով իսկ բացառելով հանցագործությունների համակցությունը: Սա շատ կարևոր է նոր համաներման տեքստի լույսի ներքո, որովհետև այս ակտը բացառում է հանցանքների համակցության պարագայում համաներման կիրառումը»,- ասել է Եգորյանը: