Բուդաղյանների ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանն առաջին իսկ դատական նիստից հետո դժգոհել է իր բողոքի քննության ընթացքից:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին կատարված սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով բողոքը: Բուդաղյանների ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանը բողոք է ներկայացրել քննիչ Ալեքսան Ղազարյանի այն որոշման դեմ, որով վերջինս ապացուցված է համարել, թե Ավետիք Բուդաղյանը կատարել է առանձնակի ծանր հանցագործություն՝ սպանության փորձ, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ նա մահացել է: Հիշեցնենք, որ տան մոտ փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է Արտակ Բուդաղյանը և Սուրիկ Խաչատրայանի թիկնազորի անդամ Նիկոլայ Աբրահամյանը:
Այսօր դատական առաջին նիստին դատավոր հայտարարել է, որ դատարանի պահանջով քննիչը ներկայացել է 189 էջ նյութեր, որոնք կապված են բողոքի հետ: Այս հայտարարությունը լսելով՝ Ալումյանը հանդես է եկել միջնորդությամբ՝ պահանջելով դատարան ներկայացնել քրեական գործն ամբողջությամբ՝ 8.5 հատորը:
Դատարանում պարզվել է, որ քննիչն իր հայեցողությամբ է ընտրել գործի 189 էջերը, մինչդեռ, ըստ Ալումյանի դիտարկման, քննիչը պետք է ներկայացներ ոչ թե միայն իր որոշման մասին հատվածը, այլ բողոքի վերաբերյալ բոլոր նյութերը:
«Ներկայացրել եմ այն նյութերը, առնվազն որոնք բավարար են ապացուցելու իմ կայացրած որոշման օրինականությունը: Ներկայացրել եմ այն նյութերը, որոնք հերքում են իմ դեմ բերված բողոքը», – դատարանի դահլիճում հայտարարել է քննիչ Ղազարյանը՝ առարկելով միջնորդությանը:
«Խնդիրն էլ հենց այն է, որ միայն հերքող նյութերն եք ներկայացրել, և չեք ներկայացրել հաստատող նյութերը»,- հակադարձել է Ալումյանը:
Ինչևէ, դատավոր Ավետիսյանը չի բավարարել փաստաբանի միջնորդությունը՝ ասելով, որ նախաքննական մարմինը չի կարող բոլոր նյութերը տրամադրել, քանի որ գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել:
Ալումյանն ասել է, որ նույն սկզբունքով ինքը որպես տուժողի ներկայացուցիչ և մեղադրյալի պաշտպան 190 էջերին ևս չպետք իրավունք ունենա ծանոթանալու:
Դատական նիստը հետաձգվել է, որպեսզի Ալումյանը քննիչի բերած նյութերը ուսումնասիրելու ժամանակ ունենա: Նիստից հետո քննիչ Ղազարյանը դահլիճում հայտարարել է. «Այս գործով կպարզվի, որ ինձնից ավելի արդար որոշումներ կայացրած քննիչ չկա Հայաստանում»:
Հայկ Ալումյանն էլ ասել է, որ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը վկայում է, որ բողոքի քննությունը ձևական բնույթ է կրելու:
Նշենք, որ Ալումյանը բողոքարկում է քննիչ Ղազարյանի մեկ այլ որոշում ևս. այդ որոշմամբ ազատ են արձակվել Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Այդ որոշումը, ըստ Ալումյանի, հիմնված էր առաջին որոշման վրա, քանի որ դրանով իբր ապացուցված է համարվել, որ Խաչատրյանն ու Նիկողոսյանը պաշտպանվել են: