Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վստահ է, որ «հայ մարդը իր աղջկան չի տալու ֆուտբոլի»: Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով Հայաստանում կանանց ֆուտբոլի մասին հարցին:
«Առաջնություն ունենալու համար պետք է 3000 ֆուտբոլիստ ունենալ: Մենք այդքան չունենք ու չենք ունենա: Հայ տղամարդը թույլ չի տա իրա 8 կամ 10 տարեկան աղջիկը գնա ու ամեն օր ջարդվի», – ասել է Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ կանանց ֆուտբոլը կարող է աստիճանաբար կամ ինքնաբերաբար զարգանալ, սակայն այս պահին ֆուտբոլի ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում տղամարդկանց ֆուտբոլն է, իսկ այն մարզաձևը, որը ապագա չունի՝ «չարժի դրա վրա մեծ գումարներ ծախսել»:
Հայրապետյանը նշել է նաև, որ կանանց ֆուտբոլը զարգացնելը ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի պահանջն է, և ՀՖՖ-ն փորձում է ինչ-որ բան անել, բայց «որ դարձնել կյանքի նպատակ՝ ոչ»:
ՀՖՖ նախագահը նաև կարծիք է հայտնել, որ տղամարդը պետք է ղեկավարի ընտանիքը, իսկ հայ տղամարդն ու հայ կինը «իրար հետ հավասար չպիտի լինեն»:
«Անպայման ուզում եք եվրոպացի տղամա՞րդ լինեք: Չէ, պետք չի մեզ», – ասել է Հայրապետյանը:
Խոսելով Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի մասին, որով վերացվում է գործազրկության նպաստը՝ 18000 դրամ, ՀՀԿ-ական Հայրապետյանը կարծիք է հայտնել, որ այդ նպաստները «շատ վատ բան ա»:
«Էդ նպաստները մեր ազգին սարքել են ծույլ», – ասել է ՀՖՖ նախագահը:
Անդրադառնալով Փակ շուկայի խնդրին՝ Հայրապետյանը ասել է, որ ոչ ոք ձայն չէր հանի, եթե շուկան պատկաներ ոչ թե ՀՀԿ-ականի, այլ մեկ այլ կուսակցության, օրինակ ԲՀԿ-ի կամ ՀԱԿ-ի ներկայացուցչին: Հիշեցնենք, որ Փակ շուկան պատկանում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին, ով Ռուբեն Հայրապետյանի ընկերն է:
Անդրադառնալով «Հարսնաքարի գործին»՝ Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ «առհասարակ էդ ստահակների մասին» չի ցանկանում խոսել՝ նկատի ունենալով մեղադրյալներին, որոնք 2012 թվականի հունիսին Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի էին ենթարկել ռազմական բժիշկներին, որոնցից Վահե Ավետյանը 12 օր անց մահացել էր: Ըստ փաստաթղթերի՝ մեղադրյալները «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցներ էին: