Դատավոր Գագիկ Պողոսյանը 2009 թվականին է Երևանի Շենգավիթ համայնքի դատարանից տեղափոխվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Արդեն այն ժամանակ նա քաղաքական պատվերներ կատարող դատավորի համբավ ուներ, ինչպես բոլոր այն դատավորները, ովքեր վճիռներ էին կայացրել Մարտի 1-ի գործերով և ավելացրել էին Հայաստանում քաղբանտարկյալների թիվը: Վերջին տարիների ընթացքում Պողոսյանն իր գործողություններով էլ ավելի է ամրապնդել այն կարծիքը, որ մշտապես իշխանությունների թելադրանքով է քաղաքական դատավճիռներ կայացնում:
Տիգրան Առաքելյանի և ՀԱԿ ակտիվիստների գործը
2011 թվականի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադեպով սկսված ՀԱԿ ակտիվիստների աղմկահարույց գործը 1 տարի անց ավարտվել է դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, համաձայն որի Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6, Արտակ Կարապետյանը՝ 3,5, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման: Ուշագրավ է, որ վերջինիս համար մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը 2 տարի պայմանական ազատազրկում է պահանջել, սակայն Գագիկ Պողոսյան ավելի խիստ պատիժ է սահմանել՝ անտեսելով դատախազի պայմանական ազատազրկման պահանջը և երկու տարի տալով երիտասարդ ընդդիմադիր գործչին։
Ամբողջ դատավարության ընթացքում Պողոսյանն անտեսել է պաշտպան կողմի տարբեր բնույթի բազմաթիվ միջնորդություններ, հաշվի չի առել այն փաստը, որ ոստիկանների հետ վիճաբանած ակտիվիստները ծեծի են ենթարկվել թե՛ բերման ենթարկվելիս, թե՛ ոստիկանական բաժանմունքում: Մեղադրվող երիտասարդների դեմ վկայություններ են տվել հիմնականում ոստիկանները: Դատավորն արժանահավատ չի համարել միջադեպի մասնակից ՀԱԿ երիտասարդների պնդումներն այն մասին, որ ոստիկանները միտումնավոր են հրահել վեճը և հետո իրենց ծեծի ենթարկել: Դատավորն անուշադրության է մատնել նաև այն հանգամանքը, որ վկա Հրանտ Միրիջանյանը, ով Թումանյան փողոցի 19 հասցեի մոտ աշխատելիս է եղել որպես ավտոկայանի հսկիչ, դատարանում պատմել է, որ Կենտրոնի ոստիկանության օպերներն իրեն մի քանի անգամ քաշքշելով տարել են բաժին և ստիպել ցուցմունք գրել:
Ինչպես բազմիցս նշել են դատավարության ընթացքին հետևող իրավապաշտպանները, լրագրողները և անհատները, Պողոսյանը շատ անգամ նիստերի ընթացքում չի լսել և ոչ մի կողմին, ու աթոռին նստած կամ ճոճվել է, կամ քնել:
DIY-ի պայթեցումը
2012 թվականի մայիսին երկու ազգայանականներ՝ Արամեհ և Համբիկ Խաբազյանները, պայթեցրել էին «Պինցետ» փանք խմբի մենակատար Արմինե Օգանեզովայի (Ծոմակ) DIY բարը:
Հարձակման հաջորդ օրերին արդեն պարզ էր դարձել, որ քաղաքական որոշում կա եղբայրներին չպատժել, թեև մի շարք հասարակական կազմակերպություններ նրանց գործողությունները որակել էին որպես ազգայնական հարձակում և հստակ տեռորիստական ակտ՝ ուղղված փոքրամասնությունների դեմ: Արմինե Օգանեզովան ասել էր, որ եղբայրները ազգայնական կազմակերպության անդամներ են, որոնք բացման օրվանից ատելության հողի վրա մի քանի անգամ հարձակումներ է գործել բարի վրա:
Ի պաշտպանություն եղբայրների հանդես էր եկել ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով երաշխավորել էր եղբայրներից մեկի ազատ արձակման համար անհրաժեշտ գրավի վճարումը: Մեկ այլ պատգամավոր՝ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, նույնպես չէր դատապարտել եղբայրների գործողությունները՝ փոխարենը ասելով, որ բոլոր նրանք, ովքեր «փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասարակությունը այլասերող համասեռամոլներին, պղծում են հայերիս ազգային նկարագիրը»:
Դատավոր Գագիկ Պողոսյանը 2013 հուլիսին կայացրած վճռով Խաբազյաններին դատապարտել է 1 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման և 2 տարվա փորձաշրջանի, ինչպես նաև պարտավորեցրել էր մեղադրյալներին 3.227.563 դրամի գույքային վնասը փոխհատուցել:
Տուժող կողմը իր Վերաքննիչ բողոքի մեջ նշել է. «Ամբաստանյալների կատարած արարքը մարդու իրավունքների տեսակետից հանդիսանում է ատելության հողի վրա կատարված հանցագործություն: Չնայած ՀՀ քրեական օրենսդրությունը չի նախատեսում ատելության հիմքով հանցագործության տեսակ, սակայն հնարավորություն ուներ, կիրառելով մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային համաձայնագրերը, սահմանել խիստ պատիժ՝ դրանով իսկ կանխարգելելով հոմոֆոբիայի, ատելության և խտրական վերաբերմունքի սերմանումը»:
Վերաքննիչ դատարանը, սակայն, ուժի մեջ է թողել Գագիկ Պողոսյանի կայացրած վճիռը, բացի դա, համաներում է կիրառել Խաբազյանների նկատմամբ:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ փետրվարի 1-ին իրականացրած մահափորձի գործով քննությունն ավելի կարճ տևեց, քան, օրինակ, ընդդիմադիր ակտիվիստների գործը, իսկ դատավոր Գագիկ Պողոսյանը մի վճիռ կայացրեց, որից դժգոհ էին թե՛ տուժող, թե՛ մեղադրվող կողմերը:
Պողոսյանն ապացուցված է համարել, որ մահափորձը պատվիրել է ՀՀ նախագահաի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանը, ու, չնայած, մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը 12 տարի էր պահանջել, Պողոսյանն ավելի խիստ պատիժ է սահմանել Սեդրակյանի համար՝ դատապարտելով 14 տարվա ազատազրկման:
Մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանը 12 տարի է ստացել, իսկ Հայրիկյանի վրա կրակած Խաչիկ Պողոսյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:
Վճռից հետո Սեդրակյանի փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը մահափորձի հետ կապ չունի: Դեռևս դատաքննության ընթացքում Հարությունյանը և Պողոսյանը ասել էին, որ Վարդան Սեդրակյանն իրենց սպանությունը չի պատվիրել, մինչդեռ նախաքննության փուլում նրանք հայտարարել էին, որ պատվերը Սեդրակյանն է տվել: Հունիսի 24-ին կայացրած դատական նիստին Սամվել Հարությունյանը հայտարարել էր, որ ինքը երկար ժամանակ աշխատել է Վարդան Սեդրակյանի մոտ և վերջինս միշտ պայմանավորվածից քիչ փող է իրեն տվել: Սա, ըստ ամբաստանյալի, այնքան է զայրացրել իրեն, որ որոշել է Սեդրակյանին վատություն անել՝ մեծ աղմուկ բարձրացնելով և Սեդրակյանին դրա մեջ ներքաշելով:
Տուժող կողմն էլ, իր հերթին, նշել է, որ դատավարության ընթացքում չի քննվել այն հարցը, թե ումից է Վարդան Սեդրակյանը մեծ դրամական միջոցներ ստացել: Ըստ Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի՝ գործում ապացույց է եղել, որ Սեդրակյանը 100 հազար դոլար է ստացել Ռուսաստանից: Տուժող կողմի պնդմամբ՝ քննությունը չի կարողացել պարզել, թե ով է եղել գումարն ուղարկողը, բացի դա՝ որտեղից է Սեդրակյանը կարճ ժամանակում մեծ դրամական միջոցներ է կուտակել:
«3 միլիոն դոլար խաղալու և դրանից 250 հազարը պարտվելու մասին տեղեկությունով նախաքննական ու դատական մարմինները ամենևին չհետաքրքրվեցին: Թե որտեղից են այդ գումարները գոյացել մի մարդու մոտ, ով հպարտությամբ ասում է, որ ինքը չի աշխատել ու չի աշխատելու, բայց իր ավտոմեքենան Հայրիկյանից թանկ արժե», – ասել է Հայրիկյանը:
Նա նշել է, որ այդ հարցը պարզելու դեպքում հնարավոր կլիներ դուրս գալ ավելի բարձր օղակի պատվիրատուների վրա: