Փոխադրող կազմակերպությունների ղեկավարներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով ակտիվացնել տրանսպորտի հարցով հանձնաժողովի աշխատանքները և շուտափույթ կերպով բարձրացնել տրանսպորտի սակագինը, հակառակ դեպքում խոստացել են դիմել ռադիկալ քայլերի:
Կազմակերպությունների ղեկավարները նշել են, թե եռօրյա ժամկետում սպասելու են հստակ պատասխանի, այնուհետ քննարկումներ են անցկացնելու, իսկ պահանջը չբավարարելու դեպքում պատրաստ են ընդհուպ մինչ դադարեցնել երթուղիների սպասարկումը:
ՀՀ փոխադրողների միության նախագահ Հայկ Եղիազարյանն Еpress.am-ի հետ զրույցում ասել է, թե «դանակը հասել է ոսկորին», ու փոխադրողները ներկա սակագնով փոխադրումներ կատարելու միջոց այլևս չունեն:
«Ուղեվարձի բարձրացումն անխուսափելի է, ու այս կերպ շարունակելու դեպքում մենք վաղը գնալու ենք ոտքով: Ինչ կուտակումներ, ռեզերվներ ունեին՝ ամբողջը սպառվել է, բոլորը պարտքերի մեջ են ու չեն կարողանում անվադողեր, մարտկոցներ ձեռք բերել, տեխսպասարկում, տեխզննում անցկացնել, գույքահարկ, ԱՊՊԱ վճարել: Կանգնել ենք փակուղու առաջ՝ այլևս հետ գնալու տեղ չկա»,- ասել է Եղիազարյանը:
Նա վստահեցրել է, որ ուղեվարձի թանկացումից հետո կներկայացնեն բիզնես պլանները, վարկեր կվերցնեն ու նոր շարժակազմեր կբերեն:
«Երթուղայինների մեջ խցանումներ չեն լինի, նոր շարժակազմերով ավելի քաղաքակիրթ կերպով կսպասարկենք մեր ժողովրդին: Կփոխենք միկրոավտոբուսները, ու դրանց փոխարեն կաշխատեն մեծ տարողությամբ ավտոբուսներ: Այն ժամանակ դուք ոչ թե խցկված կգնաք, այլ կանգնած, կամ նստած», – ասել է միության նախագահը:
Նրա խոսքով՝ ակցիաներ նախկինում չեն անցկացրել, քանի որ «գործի մարդիկ են», իսկ ակցիա անցկացնելը սովորել են ակտիվիստներից:
«Բոլորից սովորելու բան կա, մենք էլ այսօր օգտագործեցինք պայքարի այս մի տարբերակը», – ասել է Եղիազարյանը:
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, իր հերթին, Epress.am-ի հետ զրույցում նշել է, թե հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ քիչ առաջ քննարկել են փոխադրող կազմակերպությունների ղեկավարների ներկայացրած պահանջները և համոզմունք հայտնել, որ նման վարքագիծը ձևական բնույթ է կրում:
«Քաղաքապետարանի սարքածն է, ասում են՝ «եկեք, մեր դիմաց ցույց արեք»: Բացառված է թեկուզ մի ժամով կանգնեցնել երթուղու սպասարկումը, իսկ եթե կանգնեն, ապա քաղաքապետը պետք է հրաժարական տա՝ «ամեն ինչ իրենց դեմ է», -ասել է Հավհաննիսյանը: