Նոյեմբերի 2-ին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում ծեծի ենթարկված 4 զինծառայողներից մեկին՝ Դավիթ Մարկոսյանին, նոյեմբերի 5-ին Մուրացանի հոսպիտալից տեղափոխել են Կանազի հոսպիտալ։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դավիթը նշել է, որ ինքն ու Արոն (ծեծի ենթարկված զինծառայողներից մեկը-խմբ.) այս պահին գտնվում են Կանազի հոսպիտալում, իսկ մյուս երկու զինծառայողները՝ Արշակն ու Ռազմիկը՝ ռազմական ոստիկանության մեկուսարանում։
«Արոն այստեղ անկողնային պառկած է։ Մեզ ասել են, որ Արշակի ու Ռազմիկի վիճակը շատ վատ է, իրենք ուզում են դուրս գալ մեկուսարանից, բայց թույլ չեն տալիս, որ վերադառնան հոսպիտալ։ Քրեական գործ են հարուցել միայն Արշակի ու Ռազմիկի դեմ», – պատմել է Դավիթը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կարծիք էր հայտնել, որ զինծառայողները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի:
Դավիթն ասել է նաև, որ ինքն իր հեռախոսը տվել էր հիվանդանոցի քույրերից մեկին, սակայն երբ պահանջել է, քույրը նրան ասել է, թե գողացել են. «Կատաղեցի, ո՞նց թե գողացել են, գոռգռացի, մի խոսքով ինձ հանգստացրին ու ասացին, թե շուտով դու ազատ կարձակվես։ Ես էլ չեմ դիմանում, տուն եմ ուզում գնալ»:
Ավելի վաղ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դավիթ Մարկոսյանի հայրն ասել էր, որ զինվորներին ծեծի են ենթարկել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը և հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում