Home / Տեսանյութեր / Փաստաբանը միջնորդել է «Հարսնաքարի» գործով մեղադրյալներին դատել սպանության հոդվածով

Փաստաբանը միջնորդել է «Հարսնաքարի» գործով մեղադրյալներին դատել սպանության հոդվածով

Վահե Ավետյանի ընտանիքի փաստաբան Տիգրան  Եգորյանը համարում է, որ «Հարսնաքարի» գործով մեղադրյալներն ավելի խիստ պատիժ պետք է ստանան: Նա նաև կարծիք է հայտնել, որ նախաքննությունն աշխատել է ի շահ Ռուբեն Հայրապետյանի:

Այսօր Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի գործով» Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը կարդացել է տուժող կողմի ճառը, որով միջնորդել է լրացնել և փոփոխել 6 ամբաստանյալների մեղադրանքը, քանի որ 2012 թվականի հունիսի 17-ին տեղի ունեցածը սպանություն է եղել և դատապարտելի է քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի երրորդ մասով:

Տիգրան Եգորյանը նշել է, թե ակնհայտ է, որ ամբաստանյալները գործել են տուժողին սպանելու եթե ոչ ուղղակի դիտավորությամբ, ապա անորոշ դիտավորությամբ, այսինքն՝ առկա են սպանության հոդվածի 2-րդ, 5-րդ և 7րդ հատկանիշները (առանձին դաժանությամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով): Եթե մեղադրող դատախազը բավարարի միջնորդությունը և փոխի մեղադրանքը, ապա ամբաստանյալներին կսպառնա 12-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում:

Ներկայումս գործը հարուցված է 112-րդ հոդվածով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Նշենք, որ 2012-ի հունիսի 17-ին Վահե Ավետյանին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրից ծեծի ենթարկելվելուց հետո անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա 12 օր անց մահացել է:

Հետագայում մեղադրանքը վերաորակավորվել է՝ ՔՕ 112 հոդվածի 2 մասի 6-րդ և 14-րդ կետերով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ, պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով: Բացի դա, ամբաստանյալներին մեղադրում են 113-րդ (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 118-րդ (Ծեծ) հոդվածներով: Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Արմեն Դավթյանն ամբաստանյալներից յուրաքանչյուրի համար 13 տարի ազատազրկում է պահանջել:

Իր ճառում Տիգրան Եգորյանը նաև դժգոհություն է հայտնել նախաքննությունից և դատաքննությունից:

«Նախաքննության ընթացքում թե վարույթ իրականացնող մարմինը և թե տարբեր պաշտոնյաներ ջանք չէին խնայում հիմնավորելու այն հանգամանքը, որ տեղի ունեցածի հետ Ռուբեն Հայրապետյանը որևէ կապ չունի և որ նա ևս դատապարտում է տեղի ունեցածը: Ամեն գնով փորձ էր արվում հնարավորինս մեծ տարածություն ապահովելու «Հարսնաքար» ռեստորանային համալիրի միակ սեփականատեր, հայտնի հայաստանյան օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի և տեղի ունեցած հանցագործության միջև, որի անկյունաքարն էր վերջինիս և նրա թիկնազորի անդամներ Գարիկ Մարգարյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի և ըստ երևույթին վարորդ Արթուր Բաբլոյանի միջև կապի ոչնչացումը, ինչը կատարվեց վերջիններին վերոնշյալ ռեստորանային համալիրի աշխատակիցներ ներկայացնելու միջոցով: Հանգամանքն առավել արժանահավատ դարձնելու նպատակով ստեղծվեցին կեղծ աշխատանքային պայմանագրեր վերջիններիս և «Հարսնաքար» ռեստորանային համալիրի միջև», – ասել է փաստաբանը՝ ուշագրավ համարելով այն հանգամանքը, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրը, որը գործում է 2007 թվականից, անվտանգության աշխատակիցներ է ունեցել միայն 2012-ին: