Պարտադիր կուտակային կենսաթոշակին անցնելով՝ մեր երկրի իշխանությունները 150 միլիոն դոլար են տալու Արևմուտքին՝ փորձելով շահել վերջինիս սերը և, ըստ էության, քցելով ռուսներին: Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին, որն իշխանությունները նախատեսում են ներդնել 2014-ի հունվարի 1-ից, այս մասին լրագրողներին ասել է ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա՝ դեպի Եվրոպա նման մեծ գումարներ ուղղելը դուր չի գա Պուտինին, հատկապես եթե հաշվի առնել, որ Հայաստանը Մաքսային միություն է մտնում:
Բագրատյանի կարծիքով՝ այդ ամենը նման է «մեկի հարսով ուրիշի փեսին լավություն անելուն»: Նման քայլի ՀՀ կառավարությունն առաջին անգամ չի գնում, հայտարարել է տնտեսագետը՝ հիշեցնելով սոցիալական փաթեթը և պարտադիր ապահովագրությունը:
«Ասում են՝ գնա հանգստացի, բայց պետք է գնաս իմ ընկերոջ հանգստյան տուն» Եթե պարտադիր է, թող լինի պետական, ինչի՞ եք ինձնից օրենքով փող պոկում, տանում, ձեր ընկերոջը տալիս», – ասել է Բագրատյանը:
Նա նաև անդրադարձել է այն երկու ընկերություններին, որոնք պետք է կառավարեն հավաքագրված կենսաթոշակային միջոցները, ու ասել, որ դրանց հետևում կանգնած են ՀՀ բարձրագյուն իշխանությունները: Հիշեցնենք, որ կառավարիչներից մեկը ֆրանսիական «Ակբա-կրեդիտ-ագրիկոլ» և «Սոսիետե ժեներալ» խմբերի համատեղ «Ամունդի» ակտիվների կառավարիչ ընկերությունն է, մյուսը՝ երմանական «Տալանքս» խմբի «Սի-Քվադրատ» ներդրումային ընկերությունը:
«Կուտակայինի կառավարիչ լինելու համար շատ խիստ պայմաններ են դրված անծանոթներին թույլ չտալու, որ զբաղվեն այդ գումարների հավաքագրմամբ»,- ասել է պատգամավորը:
Բագրատյանի խոսքով՝ Էստոնիայում, որի օրինակը բերում են իշխանությունները, պարտադիր կենսաթոշակային համակարգը շատ այլ կերպ է գործում: Այնտեղ քաղաքացին վճարում է ոչ թե 5 տոկոս, այլ երկու, թեև Էստոնիան Հայաստանից չորս անգամ լավ է ապրում:
«Ինչու է Էստոնիայում միջոցների կառավարիչ կազմակերպությունների թվիը 27, մեզ մոտ՝ 2: Ինչո՞ւ էս գլխից՝ օլիգոպոլիա», – ասել է Բագրատյանը: