Home / Տեսանյութեր / «Էրեբունի»-ն ռուսական կողմին տրամադրվել է ժամանակավոր օգտագործման համար. ՊՆ

«Էրեբունի»-ն ռուսական կողմին տրամադրվել է ժամանակավոր օգտագործման համար. ՊՆ

Հայաստանի տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանը տեղաբաշխված է տարբեր կետերում, որոնք կոչվում են ռազմական ավաններ: Ռուսաստանյան ռազմակայանի վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում, Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ ռազմակայանի խնդիրների փոփոխությամբ պայմանավորված, մի քանի անգամ փոխվել են նաև ռազմակայանի տեղակայման կետերը: Այս մասին ասված է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տարածած պարզաբանման մեջ, որը վերաբերում է Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանին փոխանցվող տարածքներին:

«Մասնավորապես, առաջիկայում «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման և նոր սպառազինությամբ համալրման նպատակով պլանավորվում է ռուսական կողմին ժամանակավոր օգտագործման համար տրամադրել ՀՀ ԶՈՒ-ի կողմից չօգտագործվող մի շարք տարբեր նշանակության տարածքներ (ուղղաթիռային սավառնակախմբի (էսկադրիլիայի) կանգառ, վարչատնտեսական և վառելիքաքսուքային նշանակության շինությունների համար նախատեսված տարածքներ): ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 21-ի նիստում ստորագրման հավանություն է տվել հենց այդ նպատակով պատրաստված համաձայնագրի նախագծին:

Պարզաբանման համար պետք է նշեմ նաև, որ «Էրեբունի» օդանավակայանի տարածքում բացի «ժամանակավոր օգտագործման նպատակով փոխանցվող» տարածքներից կան նաև «համատեղ օգտագործման» կարգավիճակ ունեցող տարածքներ (օրինակ` թռիչքուղին), որոնք իրավաբանորեն կարգավորում են հայկական և ռուսական կողմերի համար այդ տարածքների համաժամանակյա օգտագործման պայմանները», – նշել է Հովհաննիսյանը: