Այսօր կեսօրից Բաղրամյան պողոտայում հսկողություն իրականացնող ոստիկանական մեծաթիվ ուժերը բերման են ենթարկել նախագահական նստավայրի կողքով անցնող քաղաքացիների, քաղաքացիական նախաձեռնությունների մի քանի տասնյակ ներկայացուցիչների, ակտիվիստների, լրագրողների։
Մի քանի ժամ անընդմեջ ոստիկանականները մայթերից «հավաքել են» մարդկանց, նստեցրել մեքնենաները և հեռացրել նախագահական նստավայրի տարածքից։
Որևէ բացատրություն չտալով իրենց գործողություններին՝ ոստիկանները սահմանափակել են ինչպես քաղաքացիների, այնպես էլ լրագրողների ազատ տեղաշարժը։
Նշենք, որ բերման ենթարկելիս ոստիկանները հիմնականում ուժ են կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Մասնավորապես, ժամը 15։00-ի սահմաններում ուժ կիրառելով Արաբկիրի ոստիականական բաժին են տեղափոխել շուրջ 1,5 տարի նախագահական նստավայրի դիմացի մայթին նստացույց անցկացնող Էմմա Սահակյանին, այնուհետ՝ Պուտինի և Մաքսային միությանը դեմ երթի մասնակիցներ Տիգրան Պողոսյանին, Էդմոն Եղնուկյանին, Արման Ալեքսանյանին, Աստղիկ Գյոզալյանին, Հայկ Արարատ Յահրեյանին, Բաբկեն Տեր-Գրիգորյանին, Վահե Գևորգյանին, Կարեն Հարությունյանին, Վրեժ Զատիկյանին Մոմիկ Վարդանյանին, Անի Սահակյանին, Սոնա Մարգարյանին, Արտակ և Հերբերտ Գևորգյաներին։