Սայաթ-Նովա 10-12 հասցեում շինարարություն իրականացնող «Լարկո գրուպ»-ի աշխատակիցները սկսել են բացահայտ սպառնալ ու ահաբեկել տարածքով անցուդարձ անող բնակիչներին ու ավտոմեքենաների տերերին, իսկ այսօր սեռական բնույթի մի շարք հայհոյանքներ են հնչեցրել բակի բնակիչ, սարկավագ, «Սասուն» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Մանուկյանի հասցեին։ Այս մասին վերջինս պատմել է Epress.am-ի հետ զրույցում։
Նշենք, որ բնակիչները պայքարում են «Լարկո գրուպ» ընկերության կողմից կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի դեմ։ Նրանք պնդում են, որ կառուցվող շենքը փակելու է բակ տանող մեքենաների ճանապարհը, ինչպես նաև խանգարելու է բնակարանների լուսավորությանը։
Մեր զրուցակիցը պատմել է, որ իրենց հանգիստը ավարտվել է ապօրինի շինարարության մեկնարկի առաջին իսկ օրը, իսկ անհարմարություններն ու անհանգստությունները օրեցօր են ավելանում։
«Մենք զգուշացրել էինք, որ խոչընդոտելու ենք ցանկացած ծանր տեխնիկայի մուտքը բակ, բայց որերորդ շաբաթն է՝ հսկայական տեխնիկա են մտցնում բակ ու կաթվածահար անում թե մարդկանց, թե մեքենաների անցուդարձը։ Տրակտորները, կամազները բերել, լցրել են, ու բավական չէ, որ իրենց աշխատողների վրա են գոռում, կամաց-կամաց անցել են մեզ։ Պատկերացրեք՝ այսօր հաշմանդամների օրվան նվիրված համերգ ունեմ Օպերայում, տաքսի եմ վարձում, որ կարողանամ տնից տարազները ու մնացած իրերը տանեմ, միանգամից հարձակվում են տաքսու վրա, գոռում, անպատվում, թե՝ «մյուս անգամ այստեղ չկանգնես»», – պատմել է Մանուկյանը։
Վերջինս զանգահարել է փաստաբան Ալբերտ Կանդալյանին և փորձել պարզաբանում ստանալ, թե որ օրենքով են իրեն արգելում մեքենա հրավիրել բակ։
«Փաստաբանն եկավ, հիմա էլ հարձակվեցին նրա վրա, թե «ավտոդ հան ստեղից»։ Հիմա հարց եմ տալիս՝ բա որ ժամանակին մենք էդքան գոռում էինք, որ բակ մտնելու ճանապարհ չկա, եղածն էլ եկել փակում եք, չէիք լսում, հիմա ինչից եք բողոքում։ Խոսքս չավարտած՝ ինչպիսի հայհոյանք գիտեին, տվեցին՝ էլ մայր, էլ ընտանիք, ես էլ մի կերպ եմ ինձ զսպել, որ չընդհարվեմ։ Անզորությունից սիրտս պայթում է, չգիտեմ՝ ինչ անեմ, ու այս տրամադրությամբ գնում եմ համերգի», – ասել է մեր զրուցակիցը։
Նա նշել է, թե համերգի ավարտից հետո լրջորեն զբաղվելու է քաղաքական ապաստան փնտրելու գործերով ու աշխարհին ապացուցելու է, որ Հայաստանը ղեկավարվում է բռնապետ նախագահի կողմից։
«Ժամանակին, երբ թուրքը հային սպանում էր կամ թքում էր մորուքին, ասում էին՝ թուրք է, իսկ ի՞նչ անուն ունեն այսօր սարկավագին հայհոյող հայերը, ասեք՝ իմանամ»,- հարցրել է Մանուկյանը։