Նիժնի Նովգորոդի շրջանի Արզամաս քաղաքում 26-ամյա Ալեքսանդր Սլակաևի սպանությունը քաղաքում ազգայնական ելույթներ է հրահրել, քանի որ սպանության մեջ կասկածվում են միգրանտներ։ Այս hանցագործությունը մեծ աղմուկ է առաջացրել հասարակությունում։ Արդյունքում, հարբած տեղացիները սկսել են հարձակումներ գործել խանութների ու կրպակների վրա։ Քաղաք ՕՄՕՆ-ի ջոկատներ են ուղարկվել․ արդեն տասնյակ անձինք բերման են ենթարկվել։ Հաղորդվում է, որ տեղացիների ու Կենտրոնական Ասիայից ժամանածների միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել հայերին պատկանող սրճարանի մոտ։
ProGorodNN.ru-ի թղթակիցը հայտնում է, որ տեղի հայերը վախենում են փողոց դուրս գալ։ «Արզամասի բոլոր բնակիչներն արդեն, իհարկե, տեղյակ են Ալեքսանդր Սլակաևի սպանության ու դրան հաջորդածի մասին։ Մենք՝ այստեղ ապրող հայերս, ենթարկվում ենք ձեր հասարակության օրենքներին ու սկզբունքներին․ մենք ոչնչում մեղավոր չենք։ Ցավալի է, որ տեղացիները դա չեն հասկանում։ Ես այսօր կամ վաղն անգամ չեմ պատրաստվում փողոց դուրս գալ։ Հետաքրքիր է՝ դեռ ինչքա՞ն պետք է սպասենք, որ իրավիճակը հանդարտվի։ Ցավալի է, որ ինչ-որ կենցաղային վեճի պատճառով տուժում են քաղաքի բոլոր ոչ ռուս բնակիչները։ Ի՞նչ է, ձեր կարծիքով մենք բոլորս վա՞տն ենք։ Այստեղ համարյա բոլորն էլ հայ, ուզբեկ, ղազախ ընկեր ունեն․․․ Բայց ամբոխն այդ ամենը մոռացել է, նրանց միայն առիթ է պետք ինչ-որ բան ջարդել, ինչ-որ մեկին ծեծել»,- թղթակցի հետ զրույցում ասել է հայ համայնքի ներկայացուցիչ Դավիթը։
Արամն Արզամասում սովորում է բժիշկ դառնալու համար։ Նա արդեն երկու օր է՝ տնից դուրս չի գալիս։ «Ես բազմությունից չեմ վախենում։ Բայց համալսարանում անգամ զգուշացրել են, որ մենք՝ ոչ ռուսներս, ավելի լավ է՝ տանը մնանք։ Ագրեսիան ուղղված է ոչ միայն հայերի, այլև բոլոր նրանց դեմ, ովքեր սլավոնական արտաքին չունեն։ Տեղացիները դրանում մեծ դեր չունեն․ շատ մարդիկ եկել են այլ քաղաքներից՝ Մոսկվայից, Նիժնիից, հենց նրանք էլ հրահրում են, քաղաքում լարվածություն ստեղծում։ Արզամասում նաև շատ սափրագլուխներ կան։ Իսկապես շատ վտանգավոր է»։
Ոստիկանությունը կարծում, որ իրավիճակը դուրս չի եկել վերասկողությունից։ Վարչությունում, սակայն, խոստովանում են, որ Արզամաս ոստիկանության լրացուցիչ ուժեր են ուղարկվել։
Ներկայումս կա երեք ձերբակալված, որոնք կասկածվում են ծեծկռտուքին մասնակցելու մեջ։ ՌԴ Քննչական կոմիտեի մեկնաբանությունները գրեթե ոչինչ չեն ասում, չնայած իրավապահ մարմիններում սովորաբար պատրաստակամորեն հայտնում են, որ կասկածյալները միգրանտներ կամ եկվորներ են։ «Ալեքսանդր Սլակաևի սպանության կասկածանքով բերման է ենթարկվել երեք տղամարդ՝ 1982, 1972 և 1986 թ-ին ծնված»,- հայտնել է վարչության ներկայացուցիչ Յուլիա Սկլյարովան։
Ջարդերի կազմակերպման հարցում կարևոր դեր է ունեցել քաղաքացիների անվստահությունը պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում են տոտալ կաշառակերության մեջ։ Տեղի բնակիչների խոսքով՝ «հայերն ու մյուս ազգային փոքրամասնություններն [Արզամասում] ամեն ինչ ու բոլորին գնել են»։ Հետևաբար, նրանք չեն հավատում, որ սպանության իրական մեղավորները կպատժվեն։
Միաժամանակ, ինչպես ինտերնետ ֆորումներում գրում են տեղացիները, Արզամասում անհանգիստ մթնոլորտ է տիրում։ Մի քաղաքացու խոսքով՝ «Մետրո» ու «Կոլիզեյ» առևտրի կենտրոնների մոտ ավելի լավ է չերևալ, քանի որ ՕՄՕՆ-ը «բոլորին տանում է, անգամ՝ աղջիկներին»։
Life News-ը գրում է, որ արդեն բերման է ենթարկվել ավելի քան 70 մարդ։ Ինտերնետում տեղադրված տեսանյութերի համաձայն՝ փողոցներով քայլում են ագրեսիվ տրամադրված երիտասարդների խմբեր՝ վանկարկելով «Առաջ ռուսներ» ու այլ ազգայնական կարգախոսեր։ Միևնույն ժամանակ, նրանք կոտրում են խանութների ցուցափեղկերն ու ջախջախում առևտրային կրպակները։
Ոստիկանները չեն ցանկանում ընդունել ջարդերի փաստը՝ փորձելով իրերն իրենց անուններով չկոչել։ Նրանք միայն խոստովանում են, որ երկուշաբթի երեկոյան Արզամասում բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ՝ իրավախախտումների կասկածանքով։ Նրանց մեծ մասը ոգելից խմիչքի ազդեցության տակ է եղել։