Home / Հայաստան / «Որտեղից կոպեկ է գալիս, րոպեական բերում եք ԱԺ»․ քննարկում վարկերի շուրջ

«Որտեղից կոպեկ է գալիս, րոպեական բերում եք ԱԺ»․ քննարկում վարկերի շուրջ

2013 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրն ու երեք վարկային ծրագրերը, որոնք Հայաստանին կտրամադրվեն արտոնյալ պայմաններուվ, այսօր դրվեցին ԱԺ-ի քննարկման:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցրել է, թե ինչու է ԱԺ-ն ցանկանում շատ կարճ ժամանակահատվածում՝ արտահերթ նստաշրջանում, մի քանի օրենք ընդունել, այդ թվում՝ հապճեպ վավերացնում է ՀՀ Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը:

«Զեկուցողը փոխվել է, հանձնաժողովում դուք չեք ներկայացրել հարցը: Բոլոր հանձնաժողովները մեկ ժամվա մեջ դրական եզրակացություն են տվել, մինչդեռ 10 տարվա միջազգային կոնվենցիաներ ունենք այս պահին օրակարգում, որ ոչ մի կերպ չեն դրվում քննարկման: Մի բան է պարզ՝ որտեղից կոպեկ է գալիս, հրատապ, րոպեական բերում եք ԱԺ»,- ասել է նա:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանն առարկել է, թե հրատապության խնդիր չկա։

ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ հետաքրքրվել է՝ արդյոք գումարները անիմաստ դասախոսությունների վրա են ծախսվելու:

Զեկուցողը պատասխանել է, որ դեռևս պարզ չէ՝ ինչպես են ծախսելու վարկը․ դա կներկայացնեն հետագայում՝ հաշվետվությամբ։

Արդյունքում՝ հարցն ընդունվեց ձայների 63՝ «կողմ», 7՝ «դեմ», 28՝ «ձեռնպահ» հարաբերակցությամբ: