Այսօր Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, հրապարակել է«Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտի» 9 աշխատակիցների դեմ թմրանյութերի պատրաստման և իրացման գործով վերաքննիչ բողոքի վճիռը՝ միայն մեկ ամբաստանյալի դեպքում աննշան փոփոխության ենթարկելով այն։
Դատարանը մասնակիորեն բավարարել է ամբաստանյալ Հակոբ Համբարձումյանի պաշտպան Քամալյանի վերաքննիչ բողոքը, և Համբարձումյանին դատապարտել է 8 տարի 11 ամիս 26 օր ազատազրկման՝ նախկին 10 տարվա փոխարեն՝ առանց գույքի բռնագրավման, և տուգանք է կիրառել՝ 100 հազար դրամի չափով, ինչպես նաև պատիժը կրելու ընթացքում Համբարձումյանի նկատմամբ սահմանել է նյարդահոգեբույժի հսկողություն։
Դատավորը Սիրակ Ղամբարյանի, Արմեն Բաղդասարյանի, Սամվել Մկրտումյանի, Արա Ռոստոմյանի, Աղվան Վարդանյանի, Աշոտ Առաքելյանի, Արմեն Լեբեջյանի, Սամվել Խաչատրյանի մասով վճիռը թողել է անփոփոխ։ Վերջիններս դատապարտվել են ազատազրկման տարբեր ժամկետների՝ 7-ից 12 տարի։
Նշենք, որ քիմիկոսները դատավարության ընթացքում բազմիցս հայտարարել են, որ քննության ժամանակ իրենց խոշտանգել են՝ կեղծ ցուցմունքներ կորզելով։ Այդ հայտարարություններին դատարանը ուշադրություն չի դարձրել։ Քիմիկոսները պնդել են նաև, որ իրենց լաբորատորիայի սարքավորումներով հնարավոր չէ ստանալ «ամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի պատրաստման մեջ իրենք մեղադրվում են։ Դատարանը, սակայն, մերժել է քիմիկոսների պաշտպանների միջնորդությունը, ովքեր խնդրել էին սարքավորումները փորձաքննության ենթարկել։
Նիստի ավարտից հետո դատապարտյալներից Աղվան Վարդանյանը նշել է, որ Հայաստանում արդարադատություն չկա։ Նա պնդել է, որ, չնայած բողոք է ներկայացնելու Վճռաբեկ, չի հավատում, որ արդար վճիռ կկայացվի, քանի որ «Վճռաբեկը իրանց պապան ա»։