Home / Հայաստան / Պռոշյանի գյուղապետի սպանության գործով օպերատիվ-քննչական նոր խումբ է ստեղծվել

Պռոշյանի գյուղապետի սպանության գործով օպերատիվ-քննչական նոր խումբ է ստեղծվել

Պռոշյան համայնքի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության նախաքննության շրջանակում ընթացող աշխատանքները կտրուկ ակտիվացել են, տարածած հաղորդագրության մեջ նշում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

«Հանցագործության ամբողջական բացահայտման ուղղված գործողությունները համակարգելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ներգրավմամբ, նոյեմբերին ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական նոր խումբ», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանը սպանվել է Պռոշյանի գյուղապետարանի շենքի մոտ 2013 թվականի ապրիլի 2-ին։ Պռոշյան համայնքի տասնյակ ներկայացուցիչներ մի քանի անգամ բողոքի ակցիաներ են անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի և նախագահական նստավայրի մոտ՝ պահանջելով բացահայտել սպանության իրական պատվիրատուներին։

Մուրադյանի գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի հարազատները նույնպես մի քանի անգամ բողոքի ակցիաներ են կազմակերպել Երևանում։ Դեկտեմբերի 5-ին Գլխավոր դատախազության շենքի մոտ կայացած ակցիայի ժամանակ Պետրոսյանի փաստաբան Նորայր Նորիկյանն ասել է լրագրողներին, որ 9 ամիս ակնհայտ ապօրինի կալանավորված իր պաշտպանյալն անմեղ է և որևէ կապ չունի տվյալ սպանության հետ, ու տարակուսելի է, թե ինչպես է նախաքննություն իրականացնող մարմինը վարում գործը։