Home / Հայաստան / «Կան իրավիճակներ, երբ քաղաքացի լինելը ավելի կարևոր է»․ լրագրողների ակցիայի մասին

«Կան իրավիճակներ, երբ քաղաքացի լինելը ավելի կարևոր է»․ լրագրողների ակցիայի մասին

Երևանի մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը բարձր է գնահատում դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում լրագրողների անցկացրած ակցիան։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը։

Անդրադառնալով ակցիայի մասնակիցների հասցեին հնչող քննադատությանը և քննարկումներին, թե արդյո՞ք լրագրողն իրավունք ունի թողնել իր գործը և զբաղվել ակտիվիզմով, Նավասարդյանը շեշտել է, որ կան իրավիճակներ, երբ քաղաքացի լինելը լրագրողի համար ավելի կարևոր է դառնում։

«Թեև նրանք միշտ են քաղաքացի, ուղղակի հիմնականում լրագրողի քաղաքացիական պարտքի կատարումը պրոֆեսիոնալ գործունեությունն է, բայց կան իրավիճակներ, երբ հասկանում ենք, որ բարոյական ազդեցությունը մեր քաղաքական վերնախավի վրա դառնում է շատ արդիական, քանի որ այդ քաղաքական վերնախավը իր մեծամասնության մեջ հասկանում է, որ համարյա ոճրագործություն է կատարում Հայաստանի ինքնիշխանության, անկախության նկատմամբ։ Այդ պահին, մոռանալով լրագրողի մասնագիտությունը, քաղաքացի դառնալն արդյունավետ է ու անհրաժեշտ», – ասել է Բորիս Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիների մեծ մասն այսօր վերահսկելի է դարձել՝ մեկը վախենում է զրկվել բիզնեսից, մյուսը՝ աշխատանքից, մեկ ուրիշը՝ ազատությունից, քանի որ ամեն մեկի վրա «մի բան կա»։

«Այդ տոտալ վերահսկողության ու կառավարելիության իրավիճակում, միևնույն է, խիղճը մնում է, ու հանկարծ խիղճը սկսում է աշխատել։ Թե լրագրողները, թե քաղաքացիները պետք է փորձեն օգտագործել խղճի հանգամանքը․ դա միակ փրկությունն է այսօրվա իրավիճակում», – եզրափակել է Նավասարդյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, որի ընթացքում քվեարկության էր դրվել Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված գազի գնին վերաբերող պայմանագիրը և «Հայռուսգազարդ» ընկերության 20 տոկոսը ՌԴ-ին հանձնելու համաձայնագիրը, մի քանի լրագրողներ ակցիա են անցկացրել։ Նրանք «Որոշողը մենք ենք», «Մի վաճառեք», «Խելքի եկեք, արա» գրառումներով պաստառներով կանգնել են ԱԺ նիստերի դահլիճում՝ ՀՀԿ-ի խմբակցության նստատեղերի դիմաց:

Լրագրողները նաև սև ժապավեններով կապել են իրենց բերանները՝ ի նշան անզորության: Մի քանի լրագրողներ էլ իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնել են լրագրողների օթյակից: