Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ցուցարարների և ոստիկանական ուժերի բախումների հետևանքով արդեն երկու մարդ է զոհվել։ «Ուկրաինական պրավդայի» հաղորդմամբ՝ նրանցից մեկի անունը հայտնի է, նա Եվրամայդանի ակտիվ մասնակից Սերգեյ Նիգոյանն է, ով հրազենային վնասվածքներ է ստացել Գրուշևսկու փողոցում։ Նիգոյանը ծագումով հայ է` Դնեպրոպետրովսկից։ Դեկտեմբերին համացանցում տեսանյութ էր տեղադրել, որտեղ նա ընթերցում է Շևչենկոյի բանաստեղծությունից հատված․
Եվս մեկ երիտասարդ, ում անունը չի հաղորդվում, վնասվածքներ է ստացել՝ ընկնելով Վալերի Լոբանովսկու անվան ստադիոնի 13 մետրանոց սյունից։ Նա մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։
Նշենք, որ բախումները սկսվել են հունվարի 19-ին՝ այն բանից հետո, երբ իրավապահները հրաժարվել են ցուցարարներին թույլ տալ անցնել դեպի Գերագույն ռադայի շենք։ Ցուցարարները Ուկրաինայի խորհրդարանից պահանջում էին չեղյալ հայտարարել հունվարի 16-ին ընդունված մի շարք օրենքներ, որոնք, մասնավորապես, խստացնում են խաղաղ ցույցեր անցկացնելու կանոնները, քրեորեն պատժելի են դարձնում զրպարտությունն ու համացանցում ծայրահեղական նյութերի տարածումը։