հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Լայն սպառման բազմաթիվ ապրանքներ դրոշմապիտակներ կունենան, որոշել է Կառավարությունը

Լայն սպառման բազմաթիվ ապրանքներ դրոշմապիտակներ կունենան, որոշել է Կառավարությունը

Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, հանաձայն որի սպառողական բազմաթիվ ապրանքներ այսուհետ պետք է դրոշմապիտակներ ունենան։ Նման առաջարկով այսօր կառավարության նիստում հանդես է եկել ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և խնդրել է հաստատել այն։

«2013 -ին օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդրվեց որոշ լայն սպառման ապրանքների իրացման ծավալների դրոշմապիտակներով հաշվառման համակարգը, ինչը, ըստ պետական եկամուտների կոմիտեի, էապես բարձրացրեց նաև արդյունավետությունը ստվերի դեմ պայքարում։ Այսուհետ պետք է դրոշմապիտակներ ունենան կաթնամթերքը, բոված կամ չբոված սուրճը, թեյը, բուսական յուղերը, պատրաստված կամ պատրաստի մսեղենը, ձկնամթերքը, խեցգետնակերպերը, բոլոր պահածոները, այդ թվում՝ ջեմերը, մարմելադները, պահածոյացված բանջարեղենը, մրգերը, ընկուզեղենն ու այլ բույսերի ուտելի մասերը, պաղպաղակի կամ սննդային սառույցի այլ տեսակները, քացախը կամ դրա փոխարինիչները, կոսմետիկ միջոցները կամ դիմահարդարման և մաշկի խնամքի միջոցները՝ ներառյալ արևայրուքի դեմ կամ համար նախատեսված միջոցները (բացառությամբ դեղամիջոցների), մազերի խնամքի միջոցները, օճառը և այլն», – նշել է նախարարը։

Նախագծի ներկայացման անհրաժեշտությունը, ըստ նրա, բխում է տնտեսության մեջ որոշ ապրանքների շրջանառության իրական ծավալներն արձանագրելու և դրանով իսկ հարկումից խուսափելու հնարավորությունները սահմանափակելու քաղաքականությունից:

Նախարարն ընդգծել է, որ 2012 թվականի տարեվերջին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում լայն սպառման համար նախատեսված որոշ ապրանքատեսակների (գարեջրի, զովացուցիչ ըմպելիքների և ջրերի) մասով դրոշմապիտակներով հաշվառման համակարգի ներդրումը նպաստել է այդ ապրանքատեսակների արտադրության և իրացման շրջանառության իրական ծավալների բացահայտմանը, ստվերի կրճատմանը, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտների աճին:

«2013 թվականի երրորդ եռամսյակում 2012 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ գարեջրի արտադրության քանակն ավելացել է 4,9 մլն. լիտրով կամ 232.3 տոկոսով, բնական հյութերի և ըմպելիքների (զովացուցիչ և հանքային) արտադրության քանակը՝ 2.1 մլն. լիտրով կամ 162.1 տոկոսով։ Այս ապրանքներն արտադրողներից և ներմուծողներից հարկային մուտքերը 2013 թվականի 3-րդ եռամսյակում 2-րդ եռամսյակի նկատմամբ աճել են 1 միլիարդ 65մլն. դրամով կամ 145 տոկոսով»,- նշել է Սարգսյանը։

Լուսանկարը՝ Iravaban.net