Մեղրիի մաքսակետում 23 ավտոցիստեռների չեն թողնում մուտք գործել Հայաստան։ Այս մասին երեկ ահազանգ է ստացել «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Յուրաքանչյուրն ավելի քան 20 տոննա տարողությամբ այդ ցիստեռները Իրաքից Հայաստան են բերել դիզվառելիք, սակայն մաքսավորների ստեղծած խոչընդոտների պատճառով չեն կարողանում մաքսազերծել այն։ Մաքսավորները չեն հիմնավորում, թե ինչու չի կարելի մաքսազերծել դիզվառելիքը։
Թերթն ընդգծում է, որ անձնական զրույցներում մաքսատան աշխատակիցները նշում են, թե իրավական տեսանկյունից բեռը չմաքսազերծելու որևէ պատճառ չկա, և իրենց գործողությունները բացատրում են բոլորովին այլ՝ ոչ իրավական դրդապատճառներով։
«Երեկ մենք բազմաթիվ փորձեր արեցինք կապվել մաքսային ծառայության Սյունիքի տարածաշրջանային մաքսատան հետ, սակայն ապարդյուն։ Ակնհայտ է, որ ներկրված իրաքյան դիզվառելիքը մեր գործարարների միջև բաշխած «քվոտաներից» դուրս է։ Դրա ներկրումը համաձայնեցված չի եղել իշխանության հետ. այդ իսկ պատճառով բեռը չի մաքսազերծվում։ Իրաքից ներկրվող դիզվառելիքի ինքնարժեքը բավականին ցածր է և եթե դրա մուտքը Հայաստան չխոչընդոտվի, ապա դիզվառելիքի գինը ներքին շուկայում կնվազի», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում