Երևանում անցկացվող Հայաստանի բանակի կազմավորման 22-ամյակին նվիրված տոնախմբություններին զուգահեռ ոստիկանության աշխատակիցները բռնությամբ բերման են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին, հրապարակախոս Արա Նեդոլյանին և «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Արտաշես Սերգոյանին։ Բերման ենթարկելիս առանձնակի դաժանություն է կիրառվել Գասպարիի նկատմամբ։
Ակտիվիստները Օպերայի շենքի մոտ մասնակցում էին «Ոչ սպանություններին և բռնություններին բանակում» կարգախոսով բողոքի ակցիային։ Մոտավորապես 17:15-ին ոստիկանությունը բերման է ենթարկել վերոնշյալ անձանց, որոնց 3 ժամ պահել է ոստիկանության Կենտրոնական բաժանմունքում։
Գասպարիի փոխանցմամբ՝ բացատրություն տալուց հետո ինքը շարունակաբար պահանջել է տրամադրել արձանագրության պատճենը, սակայն ոստիկանները հրաժարվել են կատարել օրենքով նախատեսված գործողությունները։ Ավելին՝ Գասպարիին, ով հրաժարվել է բաժանմունքը լքել առանց բացատրություն ստանալու, բռնի ուժով նստեցրել են ոստիկանական մեքենան, տարել են «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում գտնվող տարածք և այնտեղ, դուրս բերելով մեքենայից, թողել գետնի վրա։
Նեդոլյանին և Սերգոյանին նույնպես ազատ են արձակել 3 ժամ պահելուց հետո։
Հիշեցնենք, որ ոստիկանության աշխատակիցներն այսօր թույլ չեն տվել «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներին և բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին մոտենալ Օպերայի և բալետի թատրոնի շենքին, որտեղ ժամը 17։00-ից Հայաստանի բանակի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ տոնական համերգ էր անցկացվում:
Ոստիկանները պատ են կազմել՝ թույլ չտալով, որպեսզի բողոքողները մոտենան շենքի մուտքին։
Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, փորձել է ճեղքել ոստիկանների պատը, սակայն նրան հրելով հետ են շպրտել։
Ավելի ուշ, երբ ակցիայի մասնակիցները փորձել են օպերայի շենքին մոտենալ Մաշտոցի պողոտայի կողմից, նրանց նկատմամբ ուժ են կիրառել, հրել ու քաշքշել։