Այսօր ԱԺ-ում շարունակվել են 2013 թվականին Ռուսաստանի հետ կնքված գազային համաձայնագրերը քննող հանձնաժողովի ստեղծման մասին քննարկումները: Չորս ոչ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները ելույթներ են ունեցել՝ հաստատելով, որ հանձնաժողովի ստեղծումն ուղղակի անհրաժեշտ է:
«Որտեղի՞ց է գոյացել 300 միլիոն դոլար պարտքը և ինչո՞ւ է դա թաքցվել ժողովրդից: Երկրորդ՝ ինչպե՞ս է պատահում, որ սահմանին ստանում ենք նորմալ գնով, այն սպառողին հասնում է ահավոր գնով և քաղաքացին ի վիճակի չէ վճարել պարտքը: Երրորդ՝ ինչպե՞ս եղավ, որ պահպանելու ենք մի ստատուս քվո, որով զրկվելու ենք այլընտրանքային էներգիա ունենալու հնարավորությունից»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Կոալիցիայից (ՀՀԿ, ՕԵԿ) խոսքի իրավունք է խնդրել ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը, ով հայտարարել է, որ եթե դրսում ջերմաստիճանը ցածր է, բնական է, որ գազի համար քաղաքացին պետք է շատ վճարի:
«Ասում են՝ ամենաթանկը սպառում են ՀՀ քաղաքացիները, դա այդպես չէ: Մեր խորհրդարանական լսումները շատ լիբերալ են, ներկայացված են 35 երկրի տվյալներ, ՀՀ քաղաքացին տասներորդն է իր կողմից սպառվող գազի վճարման համար, իսկ տնտեսվարողը՝ վեցերորդը։ Այդ ցուցակում կան երկրներ, որ արտադրում են սեփական գազ, կամ սուբսիդավորում», – ասել է նա:
Մինասյանի խոսքով՝ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու հանձնաժողովի ստեղծմանը:
Ամփոփիչ ելույթում ՀԱԿ խմբակցության պատգամավոր, զեկուցող Արամ Մանուկյանն անդրադարձել է իշխանության ներկայացուցիչների այն փաստարկին, որ գազի պայմանագրի դեմ լինելը նշանակում է դեմ լինել հայ-ռուսական հարաբերություններին:
«Ինձից շատ կողմ չլինեք հայ-ռուսական հարաբերություններին: Մենք ասում ենք, որ գազը գողացվել է այստեղ՝ Հայաստանում», – ասել է Մանուկյանը՝ հավելելով, թե ինքը ցանկանում է, որ ռուսներն էլ իմանան՝ ինչ անլուրջ մարդկանց հետ են գործ բռնել։