հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ոստիկանությունում Անի Գևորգյանից առգրավված չիպերը դատարկ են վերադարձրել

Ոստիկանությունում Անի Գևորգյանից առգրավված չիպերը դատարկ են վերադարձրել

Ոստիկանության կենտրոնի բաժին երեկ բերման ենթարկված լրագրող Անի Գևորգյանից առգրավել են ոչ միայն տեսախցիկը, այլև հիշողության երեք քարտերը (չիպեր)։ Դրանք վերադարձնելուց հետո լրագրողը պարզել է, որ քարտերը դատարկ են։ Այս մասին Գևորգյանը պատմել է Epress.am-ի հետ զրույցում՝ նշելով, որ փորձում է վերականգնել քարտերում եղած տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ երեկ՝ Մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման ժամանակ, ոստիկաններն ուժի կիրառմամբ բաժին բերման են ենթարկել լրագրողների և ՀԱԿ ակտիվիստների։

«Բաժնի ոստիկաններն անընդհատ տարատեսակ սպառնալիքներ էին հնչեցնում՝ քաշում տեսախցիկը, հոխորտում, թե ձեռնաշղթաներ կհագցնեն և խուզարկություն կանցկացնեն։ Խլեցին տեսախցիկը, ինչպես նաև տեսախցիկի պայուսակը, իսկ բաժնի պետը, ում անունը չգիտեմ, ապտակեց ու խլեց հեռախոսս այն ժամանակ, երբ ես խոսում էի», – պատմել է մեր զրուցակիցը։

Վերջինս ընդգծել է, որ ոստիկանները նույն վերաբերմունքն են դրսևորել բերման ենթարկված բոլոր ակտիվիստների նկատմամբ՝ խլել են հեռախոսները և օպերատոր Սարգիս Գևորգյանի տեսախցիկը։ Ակտիվիստներին և լրագրողներին բաժնում ասել են, որ իրենց բերման են ենթարկել խուլիգանության կասկածանքով։

Գևորգյանը նշել է, որ իր հետագա քայլերը կորոշի իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո։

Ոստիկանության լրատվական ծառայության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ երեկվա միջադեպի հետ կապված բերման են ենթարկվել 12 անձ խուլիգանության կասկածանքով։ Այժմ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարը՝ Անի Գևորգյանի Facebook-ի էջից