Կուտակային կենսաթոշակների դեմ բողոքող կրթության ոլորտի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր ակցիա են անցկացրել Կրթության և գիտության նախարարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում նախարար Արմեն Աշոտյանի հետ։
«Դեմ եմ» նախաձեռնության անդամների և մանկավարժների համատեղ ակցիայի ընթացքում վերջիններս բարձրաձայնել են ինչպես ոլորտում տիրող խնդիրների, այնպես էլ ղեկավարության կողմից աշխատավարձերի պարտադիր պահումների, իրենց փոխարեն ընտրված ֆոնդերի հարցը։
Մանկավարժներից մեկը, դիմելով իրենց հետ հանդիպման եկած նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանին, ասել է, որ եթե նախարարը իրոք այդքան մտահոգ է ոլորտի խնդիրներով, պետք է ներքև իջնի։
«Անբարոյականություն է այն, ինչ կատարվում է, պարոն Աշոտյան, տեսեք՝ ինչ է կատարվում, թե ոլորտի աշխատողները ինչքան չնչին աշխատավարձ են ստանում։ 17 տարի է աշխատում եմ՝ մի անգամ չեղավ, որ պարոն Աշոտյանը մի հանդիպում կազմակերպեր ու մենք էլ բարձրաձայնեինք մեր դժգոհությունների մասին ու ինքը տեղյակ լիներ։ Մենք բոլորս բազմաթիվ հարցեր ունենք ու թող ինքը անձամբ իջնի ներքև։ Համբերության բաժակն այնքան է լցվել, որ արդեն թափվում է՝ 30 և ավել հոգուց կազմված դասարաններ, դրույքաչափերի բարձրացում, աշխատավարձերի կրճատում, օպտիմալացում, էլ որն ասեմ։ Իմ 30 հազար դրամ աշխատավարձը էլ ինչքա՞ն իջնի, ո՞ւր իջնի», – ասել է բողոքողներից մեկը։
Վերջինս հայտարարել է, թե Աշոտյանը մշտապես հիշեցնում է, որ մանկավարժը պաշտպանված է և՛ օրենքով, և՛ կառավարության կողմից ու այժմ ինքն ուզում է հենց նրանից պարզել, թե ո՞ր օրենքով է պաշտպանված ինքը, երբ մեր երկրում ոչ մի օրենք չի գործում, եթե կառավարությունը բացարձակ իր ժողովրդի մասին չի մտածում։
Հավաքվածները սկսել են վանկարկել՝ «պահանջում ենք, պահանջում ենք», ապա մեջքով շրջվել են դեպի նախարարության շենքը՝ վանկարկելով «Աշոտյան իջի»,«Ամոթ, ամոթ»։
«Առանց մեր կամքը հաշվի առնելու մեր գումարները պահում և փոխանցում են շատ կասկածելի ֆոնդերի և կառավարիչների, որոնց մենք չենք վստահում։
Պարոն Աշոտյան, ուզում եք մեր պահանջները լսել, ուրեմն լսեք՝ մենք ձեզանից բարձր պաշտոններ չենք պահանջում, մենք ձեզանից ճոխ ավտոմեքենա, շքեղ առանձնատուն չենք պահանջում, դա ձեր մենաշնորհն է, մենք պահանջում ենք մեր արդար քրտինքով՝ թեկուզ գրոշի արժեք ունեցող, բայց մեր վաստակած խատավարձերը։ Միտում է նկատվում՝ վերջին տարիներին ձեր և ձեր համախոհների կառավարման ընթացքում շատ նորաձև է դարձել պարտադիր բառը՝ պարտադիր չափիչ, գծիչ սարքեր, պարտադիր արագաչափեր, պարտադիր դեղին, կարմիր, կանաչ գծեր, դրանց մոտ կանգնեցված պարտադիր վայրկյանացույցեր ու էլի չգիտեմ ինչ պարտադիր սարքեր։ Քանի որ այս պահին մեր հետ են նաև գիտության ոլորտի ներկայացուցիչներ, կխնդրեի ստեղծել չափիչ սարք, որը կչափի մեր կառավարության, վերևներում կանգնած մարդկանց ագահության չափը», – հայտարարել է մանկավարժներից մեկը։
Նշենք, որ Աշոտյանը չի հանդիպել ակցիայի մասնակիցներին, ինչից հետո վերջիններս նրան հասցեագրված նամակ են հանձնել նախարարություն։
«Ամբողջ օրը ֆեյսբուքի պատերին ա գրում, Աշոտյան, լոգ աութ եղիր ֆեյսբուքից, իջիր ներքև», – բողոքել են ակցիայի մասնակիցները։