Home / Հայաստան / Սայաթ-Նովայի բնակիչները դատարան են դիմելու փոխված հայցադիմումով

Սայաթ-Նովայի բնակիչները դատարան են դիմելու փոխված հայցադիմումով

Սայաթ-Նովա 10-12 շենքերի բակում շինարարությունը կասեցնելու պահանջով դատարան դիմած բնակիչների փաստաբան Ալբերտ Կանդալյանը պատրաստվում է օրենքով հրաժարվել նախկին հայցադիմումից և կրկին նույն հիմքով մտնել դատարան՝ վերոնշյալ բակում «Լարկո գրուպ» ընկերության կողմից իրականացվող շինարարության թույլտվությունը անվավեր, ապօրինի ճանաչելու պահանջով։ «Բնակիչների՝ Երևանի քաղաքապետարանի դեմ ներկայացրած նախկին հայցը մերժվել էր առանց հիմնավորման, ուստի, գտնվելով նախնական փուլում, նույն հայցով կրկին մտնելու ենք դատարան», – այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է փաստաբանը։

Նա նշել է, որ ինքնաբացարկ է ներկայացրել Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, որը նույնպես մերժվել է։

«Առաջինը, երբ մենք դիմեցինք, որ անվավեր ճանաչեն շինարարության թույլտվությունը, դրա հիմքի վրա մեկնաբանեցին հետևյալը՝ «քաղաքապետարանը կկատարի, հո չի՞ փախնի», և ըստ դրա մերժեց։ Դրանից ելնելով՝ մենք հայցադիմումը փոփոխության ենթարկեցինք և ավելացրեցինք, որ խնդրում ենք պարտավորեցնել քաղաքապետարանին մինչև վճռի կայացումը կասեցնել շինարարությունը։ Այդ հիմքով մերժեց ընդունել հայցադիմում-փոփոխությունը ու, ըստ երևույթին, նաև միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը կիրառելը նույնպես։ Մերժեց հետևյալ ձևով՝ քաղաքապետարանը ժամանակ էր տվել առարկության կամ ինչ-որ մի բան ասելու, դատավորը պատրաստ գրությունով՝ մերժումով եկավ։ Դրանից հետո մենք դատավորին ինքնաբացարկ հայտնեցինք ու ներկայացրեցինք, որ դատարանն ակնհայտ պաշտպանում է քաղաքապետարանին», – պատմել է Կանդալյանը։

Փաստաբանը նշել է, որ նոր հայցադիմումով դատարան են մտնելու հունիսի սկզբին, իսկ մինչ այդ շինարարությունը մեծ թափով առաջ կընթանա՝ «երկարաձգելու համար դատարանը կարող է և արձակուրդ գնալ, և դատական նիստերը հետաձգել այնքան ժամանակ, մինչև շինարարությունը կավարտվի»։