Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ դատական հայց ներկայացրած ոստիկան Աիդա Դեմիրխանյանը, ով իր անձը վիրավորելու մեղադրանքով Գասպարիից մեկ միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում, հակասական մոտեցումներով է իրեն դիրքավորում գործում: Նա հրաժարվում է լրագրողներին հարցազրույց տալ և բացահայտել իր հայցի հիմքերը՝ պատճառաբանելով, որ գործում ինքը հանդես է գալիս որպես ոստիկանության աշխատակից՝ ֆիզիկական անձ, սակայն դատարանի դահլիճում Դեմիրխանյանը միջնորդել է արգելել տեսաձայնագրությունները, քանի որ գործն իր անձին է վերաբերում:
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով նիստի ժամանակ Դեմիրխանյանը ներկայացրել է իր ապացույցները՝ առանց տեսաձայնագրության թույլտվության: Դատավոր Էդիկ Ավետիսյանը նրա միջնորդությունը բավարարել է, թեև պատասխանող Վարդգես Գասպարին առարկել է՝ ասելով, որ հարցը հանրային է, քանի որ գտնվում է ոստիկան-քաղաքացի հարաբերությունների համատեքստում:
Ըստ Դեմիրխանյանի՝ Գասպարին իրեն վիրավորել է ասելով՝ սրիկաներ, հանցագործներ, բութ արարած:
«Մեջբերում եմ՝ «լճի ափին կանգնած մարմնավաճառներն ավելի ինքնասեր են, քան ոստիկանության ներկայացուցիչները: Դուք՝ սկսած Վլադիմիր Գասպարյանից, ավելի ստոր և տկլոր եք, քան լճի ափին կանգնող մարմնավաճառները»,- ասել է Դեմիրխանյանը: Ըստ նրա՝ հայցադիմումի պատասխանում Գասպարին շարունակել է վիրավորել իրեն՝ մեղադրելով դրամաշորթության փորձ անելու մեջ:
«Ոստիկանության աշխատակիցները, սկսած ոստիկանապետ Գասպարյանից, Կարապետյանը, Օսիպյանը, մի շարք այլ աշխատակիցներ, այդ թվում Ա. Դեմիրխանյանը, ստորագույն, սրիկա հանցագործներ են»,- Գասպարիի խոսքերն է մեջբերել Դեմիրխանյանը:
Ոստիկանի հայցը ներկայացնելուց հետո՝ դատարանը ապացույցներ ներկայացնելու հնարավորություն է տվել պատասխանող Գասպարիին: Վերջինս ասել է, որ Դեմիրխանյանին գիտի որպես ոստիկան և նրա հետ անձնական հարաբերություն չի ունեցել, նման դիտարկումը համարում է վիրավորանք իր հասցեին:
Ապացույցներ ներկայացնելով՝ Գասպարին պատմել է իր հետ կապված մի քանի դեպքեր, որոնցում ոստիկանների պահվածքի փաստագրումը, իր խոսքով, բավական է ապացուցելու համար, որ ոստիկանները հանցագործ են, և որ իր տված գնահատականը վիրավորանք չէ, այլ՝ իրականություն:
Մասնավորապես, Գասպարին պատմել է Գրիշա Վիրաբյանին ծեծած Աշոտ Կարապետյանին Երևանի ոստիկանապետ նշանակելու կապակցությամբ իր ակցիայից հետո ոստիկանության պահվածքի, «Հարսնաքար» ռեստորանի մոտ ակցիայի ժամանակ իրեն բերման ենթարկելու, դրանից երկու օր անց ևս մեկ անգամ իրեն բերման ենթարկելու և այլ դեպքերի մասին:
Հիշեցնենք, որ այդ բոլոր դեպքերում, ոստիկանները խոչընդոտել են քաղաքացու խաղաղ ցույցը, սպառնալիքներ տեղացել նրա ընտանիքի հասցեին, իսկ Գասպարյանը նույնիսկ թքել է ակտիվիստի վրա:
«Իմ խորին համոզմամբ՝ «ստոր», «սրիկա», «հանցագործ» գնահատականները չափազանց մեղմ են ձեզ բնութագրելու համար: Բառեր չեմ գտնում ձեր ստորության խորքը ներկայացնելու համար»,- ասել է Գասպարին:
Դատավորը ընդմիջել է Գասպարիի ելույթը՝ ասելով, որ որոշ դրվագների նկարագրությամբ պատասխանողը կրկնում է նախորդ նիստում ասածը: Գասպարին միջնորդել է իրեն տրամադրել նախորդ նիստի ձայնագրությունը: Նիստը հետաձգվել է:
Նշենք, որ ոստիկանության աշխատակցի բողոքը ներկայացվել է Վարչական դատարանում տեղի ունեցած նիստից հետո, որտեղ քննվում էր ոստիկանության հայցը Գասպարիի դեմ։ Այդ հայցով ՀՀ ոստիկանությունը ակտիվիստից 50 հազար դրամ էր պահանջում «Հարսնաքար» ռեստորանի մոտ բողոքի ակցիային մասնակցելու ընթացքում ոստիկանությանը «ստոր, սրիկա, հանցագործ» անվանելու համար: