Home / Ազգային ժողով / ՀՅԴ-ն չգիտի Հայաստանում քաղբանտարկյալների մասին

ՀՅԴ-ն չգիտի Հայաստանում քաղբանտարկյալների մասին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները Հայաստանում են և հանդիպումներ են ունենում ԱԺ պատգամավորական խմբակցությունների հետ։ Համազեկուցողներն արդեն հանդիպել են «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցություների հետ։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը (լուսանկարում) Epress.am-ին հայտնել է, որ համազեկուցողները ցանկացել են իրենց կարծիքն իմանալ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության և նույնասեռականների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։

«Ասացին ինչ-որ 15 քաղբանտարկյալների մասին, անուն չեն տվել։ Մենք էլ ասացինք՝ չափորոշիչները պետք է կիրառվեն՝ պարզելու՝ քաղբանտարկյալ են, թե՝ ոչ, ինչո՞ւ պետք է տեղ թողնենք քաղաքական գնահատականների»,- ասել է Ռուսատմյանը։

Epress.am-ի հարցին, թե պատգամավորը չի՞ կռահում՝ ում մասին է խոսքը, Ռուսատմյանն ասել է, որ չգիտի Հայաստանում քաղբանտարկյալների մասին։ Նշենք, որ հայաստանցի մի շարք իրավապաշտպաններ, մասնավորապես, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը քաղբանտարկյալներ են համարել նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանին և նրա համախոհներին։ Որոշ միջազգային կազմակերպություններ համակարծիք են հայաստանցի իրավապաշտպանների հետ։ 

Նույնասեռականների իրավունքների մասին հարցին ՀՅԴ-ական պատգամավորը պատասխանել է, որ իրենց կուսակցությունը սոցինտերնի անդամ է և նույն չափորոշիչներով էլ առաջնորդվում է։

«Միասեռականների մասին հարցեր կարող են տալ այն կուսակցություններին, որոնք դիրքորոշում չեն հայտնել։ ՀՅԴ-ն սոցինտերնի անդամ է»,- ասել է Ռոստամյանը՝ նշելով, որ խմբակցությունը բարձրացել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների հարցը, ովքեր, ըստ Եվրամիության պայմանների, տնտեսական փակուղում կհայտնվեին, եթե Հայաստանը ստորագրեր Ասոցացման պայմանագիրը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ համազեկուցողներն իրենց խմբակցության հետ հանդիպմանը, բացի նշված հարցերից, բարձրացրել են սահմանադրական բարեփոխումների հարցը։

Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին, ապա «Ժառանգությանը» ևս համազեկուցողները չեն հայտնել 15 քաղբանտարկյալների անունները։

«Ես ասացի, որ քաղաքական ճնշումներ Հայաստանում կան և նոր չեն»,- ասել է Ռուբեն Հակոբյանը։

Նշենք, որ այսօր ԵԽԽՎ ներկայացուցիչները հանդիպելու են ՀԱԿ խմբակցության պատգամավորների հետ։