Home / Հայաստան / Ռոբերտ Քոչարյանը կողմ է համամասնականի մասին քառյակի առաջարկին

Ռոբերտ Քոչարյանը կողմ է համամասնականի մասին քառյակի առաջարկին

Ոչ իշխանական քառյակի՝ իշխանություններին ներկայացվող պահանջներից մեկը վերաբերում էր 100 տոկոսանոց համամասնական համակարգին, ինչին կողմ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին նա ասել է yerkir.am-ի հետ զրույցում։

«Բայց խնդիրն այստեղ շատ ավելի խորն է: Ջանքեր են պետք ներկուսակցական ժողովրդավարության զարգացման և կուսակցությունների ինքնաառողջացման ավանդույթների ձևավորման համար` լճացած և հեղինակազրկված կուսակցական գործիչների փոփոխության ճանապարհով: Առանց դրա պատգամավորական կորպուսի որակը առանձնապես չի բարձրանա, չէ՞ որ խորհրդարանը, միևնույն է, կլինի դրանում ընդգրկված քաղաքական կուսակցությունների արտացոլանքը»,- ասել է Քոչարյանը:

Նա նաև դրական է արտահայտվել ընդդիմությանը վերահսկողական լծակներով օժտելու վերաբերյալ պահանջին։

«Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով կոռուպցիայի ծավալներն ու կառավարչական անարդյունավետությունը /ծանոթացեք Վերահսկիչ պալատի վերջին տարիների ստուգումների նյութերին/, դա, հավանաբար, կարող է իրական զսպիչ գործոն դառնալ չհիմնավորված, իսկ երբեմն՝ աբսուրդային բյուջետային ծախսերի և պաշտոնատար անձանց անսահման ախորժակի դեմ: Ես չգիտեմ, թե քառյակի կողմից որքան խորն է այս առաջարկությունը մշակվել ու կոնկրետացվել, բայց ակնհայտ է, որ այստեղ անհրաժեշտ են ազդեցության զգալի մեխանիզմներ, այլ ոչ թե ընդամենը տեղեկատվություն ստանալու հնարավորություն: Չէ որ այդպիսի տեղակատվության պակաս նախորդ կառավարության օրոք չկար, խնդիրը դրա լիակատար արհամարհումն է», – նշել է երկրորդ նախագահը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում