Home / Հայաստան / Նախկին նախարարը Վրաստանում դեսպան նշանակվեց

Նախկին նախարարը Վրաստանում դեսպան նշանակվեց

Սպորտի նախկին նախարար Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Համապատասխան հրամանագիր ստորագրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նշենք, որ Վարդանյանը սպորտի նախարարի պաշտոնից ազատվել էր մայիսին՝ նոր կառավարության ձևավորումից հետո։ Այդ պաշտոնում նա աշխատել է 1 տարի։ Նշանակվելուց անմիջապես հետո Յուրի Վարդանյանի և Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև կոնֆլիկտ էր ծագել։ Վարդանյանը կարգադրել էր քանդել Սպորտի նախարարությունում գտնվող Ծառուկյանի սենյակը՝ ասելով, թե ամեն ինչ գիտակցված է անում։ Որոշման մասին հայտնելուց մի քնաի օր անց, սակայն, սենյակի ցուցանակը դարձյալ փակցրել էին, իսկ Վարդանյանը չէր մեկնաբանել, թե ինչու իրեն չհաջողվեց ավարտել գործընթացը։

Պաշտոնավարման ընթացքում թմրանյութ օգտագործելու համար ձերբակալվել էր Յուրի Վարդանյանի որդին։

Վարդանյանի պաշտոնանկությունից 3 ամիս առաջ Սերժ Սարգսյանն այցելել էր Սպորտի նախարարություն և բացատրել էր՝ ինչու է Վարդանյանին նախարար նշանակել։

«Ես կարծում եմ, որ գիտեք՝ ձեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի Յուրի Վարդանյան լեգենդի օգտագործումը: Բոլորիդ եմ ասում, թող որևէ մեկին չթվա, թե ես հաշվի եմ առել Յուրի Վարդանյանի կազմակերպչական մեծ ունակությունները, որ առաջարկել եմ դառնալ նախարար: Ես առաջարկել եմ, որ այս մարդը, ով կենդանի լեգենդ է, դառնա նախարար, որպեսզի նրան որպես այդպիսին նաև ի ցույց դնենք», – ասել էր Սարգսյանը։