Այսօր Գառնի գյուղի բնակիչները խափանել են առաջին հանրային լսումները, որոնք վերաբերում են Գառնիից Արարատի մարզ խողովակի միջոցով ջուր տեղափոխելու ծրագրին։
Ծրագիրը համայնքին ներկայացնելու համար գյուղ էր ժամանել 7 հոգանոց պատվիրակություն, որը ղեկավարում էր Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի ղեկավար Ադիբեկ Ղազարյանը։
Գյուղացիներն Epress.am-ի հետ զրուցում ասել են, որ անգամ չեն ցանկացել ծրագրի մանրամասներն իմանալ, քանի որ այդ ծրագրի հետևանքով 40 տնտեսություններ կորցնելու են հողատարածքները, իսկ ամբողջ համայնքը զրկվելու է ոռոգման ջրից։ Գյուղապետարանում մեր թղթակցին ասել են, որ նախատեսվում է 820 սմ տրամագծով խողովակով ջուրը տեղափոխել Ազատ գետից Արարատի մարզի Նարեկ գյուղ։
Համայնքի բնակիչներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, ասել է, որ ծրագիրն իրականացնելու դեպքում Նարեկ գյուղում արվող ոռոգման ջրի ծախսերը նվազելու են 65 տոկոսով։ Նարեկում նախկինում ջուրը վերցնում էին ջրամբարից, ինչը լրացուցիչ ծախսեր էր նախատեսում, մինչդեռ այս դեպքում ջուրը պարզապես անցնելու է խողովակով և անցնելու է գյուղ։
Լուսանկարը՝ econews.am