Home / Տեսանյութեր / Կայսերական մտածելակերպը կայսրությունից երկար է ապրում. Հարավային Կովկասը ԽՍՀՄ փլուզումից հետո

Կայսերական մտածելակերպը կայսրությունից երկար է ապրում. Հարավային Կովկասը ԽՍՀՄ փլուզումից հետո

Կայսերական մտածելակերպը կայսրությունից երկար է ապրում, ինչպես կայսրության վերացումից շատ ավելի երկար են ապրում կայսերական թշնամանքները հավաքական հիշողության, պատմագրության ու քաղաքականության մշակման մեջ։ Այս մասին անցյալ ամսին Քեմբրիջի համալսարանում կայացած «Կայսերապետական քաղաքականության պատմությունը և կայսերապետական պատմության քաղաքականությունը» գիտաժողովին հնչեցրած իր ելույթում ասել է պատմաբան, 1994-1997 թվականներին ՀՀ նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։

Անդրադառնալով Խորհրդային Միության փլուզմանը՝ Լիպարիտյանը նշում է, որ 1991 թվականին ոմանց թվաց, թե աշխարհի որոշ մասերում ուժի վակուում է գոյացել։

«Վերցնենք Հարավային Կովկասի տարածաշրջանը, որն ավելի լավ գիտեմ, քան մյուսները։ Մենք հասանք 1991 թվականի վերջին, և այլևս չկար ԽՍՀՄ-ը. նախկին գերտերությունը վերածվել էր երրորդ կարգից էլ պակաս ուժի՝ չհաշված իր միջուկային զինանոցը և Հարավային Կովկասից խորհրդային ուժերի դուրսբերումը, թեև՝ ոչ ամբողջապես։ Իսկ ի՞նչ արեցին մյուս նախկին կայսրությունները։ Նրանք զգացին վակուումը և անմիջապես հետ դարձան դեպի իրենց կայսերական անցյալը և տարածաշրջանի մասին սկսեցին մտածել իբրև շահելիք մրցանակի, իբրև մի տարածաշրջանի, ուր կարող էին վերահաստատել իրենց ազդեցությունը՝ թեկուզև որպես իրենց նախկին ինքնության ստվերներ։

Սա կայսրության կարոտախտի սկիզբն էր, որը ոչ մի տեղ չհասցրեց, քանի որ տարածաշրջանում Ռուսաստանի բացակայությունը ժամանակավոր հետընթաց էր, եթե ոչ պատրանք։ Սակայն կայսերական մասը պատրանք չէր այդ երկու, այսպես կոչված, ազգ-պետությունների համար։ Այն մի մոդել էր, որից որոշակի քաղաքականություն էր բխում», – ասել է Լիպարիտյանը։ 

Նրա խոսքով՝ երեք նախկին կայսրություների (Իրան, Թուրքիա, Ռուսաստան) կառավարություններն այնպիսի վարք են դրսևորում, որն անցնում է կարոտախտի զգացումից այնկողմ. որոշ դեպքերում նրանք զգացական կապից անցել են կայսրության այսկամայն ձևի վերակերտման իրական քաղաքականության։ Մասնավորապես, Ռուսաստանն ու Թուրքիան այժմ կառավարություններ ունեն, որոնք իրենց կայսերական ժառանգությունը համարում են դրական կապիտալ, որն արդարացնում է հարևանների վրա իշխելու իրենց նորոգված փորձերը։

«Թույլ տվեք նշել նաև, որ, իմ կարծիքով, այդ կարոտախտը ոչ այնքան այդ կայսրությունների մեծության, որքան քաղաքական երևակայության բացակայության հետևանք է աշխարհի թատերաբեմի մեծ խաղացողների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի ու Չինաստանի կողմից, որոնք չգիտեին ինչպես օգտվել Խորհրդային Միության փլուզմամբ ստեղծված նոր աշխարհակարգի հնարավորության պատուհանից», – նշել է Լիպարիտյանը։

Պատմաբանի խոսքով՝ եթե գոյություն ունենար այդ պետությունների կայսերական անցյալի լուրջ քննադատություն, կարող էինք ունենալ վարքի այլ մոդել։

«Իրանցի քաղաքականություն մշակողներն ու գիտնականները մինչև 1828 թ. Հարավային Կովկասում պարսկական տիրապետությունը դիտում էին իբրև բարեգործ կառավարություն, որտեղ հայերն ու մահմեդականները չէին պայքարում, ինչպես այժմ անում էին Ղարաբաղում, որտեղ հայրական ու բարեմիտ մայրաքաղաքը տարաձայնությունները լուծում էր իմաստնաբար։ Իսկ թուրք գիտնականները պնդում էին, որ օսմանյան միլեթի համակարգը խիստ բարեգործ համակարգ էր, որն, իբրև լավություն, հանդուրժում էր ոչ-մահմեդականների գոյությունը, որ օսմանյան ժամանակաշրջանը լավն էր՝ նույնիսկ թեկուզ վերջում նրանց հպատակ ժողովուրդներից ոմանց մերժվել էր գոյության իրավունքը։ Եվ նրանք նշում էին, իրենց քաղաքականություն մշակողների նման, որ նոր հանրապետությունների վրա Թուրքիայի ազդեցության ծավալումը կարող էր խաղաղության, անվտանգության ու կայունության հիմք լինել Հարավային Կովկասում։ Ճիշտ ինչպես պնդում էին իրանցիները։ Միայն թե, իրանցիները Իրանի ազդեցության վերականգնման օգտին պնդումն անում էին տնտեսական ընդհանուր տարածքի հիման վրա։ ՆԱՏՕ-ի տերմինաբանությանն ավելի վարժված Թուրքիան առաջ էր քաշում ընդհանուր «անվտանգության» տարածքի գաղափարը։

Գիտենք, որ դրանցից ոչ մեկը չիրականացավ, թեև Իրանը հավասար ներկայություն պահպանեց բոլոր երեք հանրապետություններում, իսկ Թուրքիան շարժվեց դեպի Վրաստան ու Ադրբեջան։ Սակայն ի վերջո դրանցից ոչ մեկը չվերածվեց Թուրքիայի կամ Իրանի ազդեցության ոլորտի։ Վերջինս կարող էր պատահել, եթե Թուրքիան լուծած լիներ Հայաստանի հետ իր խնդիրները՝ հանուն տարածաշրջանի ավելի մեծ խաղադրույքների։

Մեկ տասնամյակ կամ ավելի առաջ անցնենք։ Ռուսաստանը հետ է եկել՝ վրեժխնդրությամբ լեցուն։ Սա չի նշանակում, թե այդ ժամանակահատվածում այն բացակա է եղել. պարզապես սպասում էր իր ժամանակին՝ փորձելով գտնել ճիշտ առաջնորդին, ճիշտ պահը, ճիշտ արդարացումը», – նշել է պատմաբանը։

Լիպարիտյանն ընդգծում է, որ առջև թեթևակի տարբեր իրադրություն է ստեղծվել. ազդեցության տարտամ հասկացությանը Ռուսաստանում ու Թուրքիայում փոխարինել է կորցրած կայսրության իրական կարոտախտը։

«Ի դեմս Էրդողանի ու Պուտինի ի հայտ են եկել առաջնորդներ, որոնց մտապատկերները մոտավորապես համապատասխանում են կորցրած կայսրություններին՝ Օսմանյան ու Ռուսական/Խորհրդային։ Եվ պետք չէ սխալվել. դրանք կարոտախտով սնված մտապատկերներ են, սակայն միայն կարոտախտով չեն սահմանափակվում։ Պատմությունը, որն իր մեջ ամփոփում է այդ կայսրությունների թողած խառնաշփոթը, գործածվում է՝ առաջ տանելու համար մի քաղաքականություն, որը ներշնչված է վերածնված կայսրության մտապատկերներով՝ հանուն որևէ բանի, որ կարելի է գործածել. էթնիկ ռուսների, ռուսախոսների, ժողովուրդների ու տարածքների նկատմամբ ժառանգված բնատուր իրավունքների», – ասել է Ժիրայր Լիպարիտյանը։

Իր ելույթի եզրափակիչ մասում նա հետևյալ հարցերն է բարձրացնում․ «Ո՞րն է պատմաբանների ու հասարակական ոլորտի գիտնականների պատասխանատվությունը կայսերական լուծումների վերածննդի հարցում։ Ի՞նչ է պատահում, երբ անցյալի ոչ-քննադատական ոսպնյակների միջով է գնահատվում ու ճշտվում պատմության նկատմամբ ներկայի մոտեցումը։ Ռուսաստանում ու Թուրքիայում արդյո՞ք տարբեր իրադրություններ կլինեին, եթե պատմաբաններն ու հասարակական ոլորտի մյուս գիտնականները եղած լինեին ավելի նվազ պալատական պատմիչներ և կայսրության պատմության առավել քննադատական գնահատողներ, մանավանդ դպրոցներում պատմության ուսուցման տեսակետից»։

«Առաջին, իբրև պատմաբաններ, մենք լավ չենք վարվում, երբ իբրև ի վերուստ շնորհված ենք ընդունում այն ժողովուրդների ու հաստատությունների արժեքները, որոնք կոչված ենք ուսումնասիրելու։ Երկրորդ, այնքանով, որքանով պատմությունը ներկայացնելու տարբերությունները բխում են պատմության ընկալման իրական տարբերություններից, այլ ոչ թե քաղաքականությունից, մենք պետք է միջոցներ գտնենք այդ տարբերությունները նվազեցնելու՝ ավելի խորը մխրճվելով պատմության մեջ՝ մեր գիտելիքների պակասը լրացնելով և կասկած ունենալով մեր տեսակետների կանխակալության մասին, այլ ոչ թե ակնկալելով, թե պետք է հանգենք միջանկյալ կարծիքի։ Եվ երրորդ, այն, ինչ ասում ենք անցյալի մասին, կարող է ազդել ապագայի վրա. կայսրություններին հաջորդող պետությունները, որոնք կարոտախտային զգացումներ ու կայսրության մղումներ ունեն, մեր վրա են ապավինում, որպեսզի օրինականացնենք կայսերական անցյալն ու արդարացնենք նրանից փխող ընթացիկ քաղաքականությունը։ Մեր ասածն ու գրածը նշանակություն ունի ոչ միայն անցյալի, այլև ապագայի համար», – իր ելույթը եզրափակել է Ժիրայր Լիպարիտյանը։